Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսի կասկածով ևս 8 քաղաքացիների թեստավորման արդյունքները

Փաշինյանը հավաստիացրել է, որ անձամբ է հետևում իրավիճակին և խոստացել փոփոխության դեպքում անպայման տեղեկացնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կորոնավիրուսի առնչությամբ հերթական գրառումն է արել։ Նա հայտնել է, որ ևս 8 քաղաքացի, որոնք կասկածվում էին վարակված լինելու մեջ համապատասխան թեստավորում են անցել. բոլորի դեպքում գրանցվել է բացասական պատասխան։

Կորոնավիրուսը լուրջ չենք ընդունում, կամ ինչ կատակներ են ծնվել դրա «ժամանումից» հետո

«Երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Վարչապետն անդրադարձել է նաև կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու առողջական վիճակին և հավաստիացրել, որ ամեն ինչ լավ է։

«Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելեսի» ժողովուրդը նույնպես լավ են»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանը խոստացել է իրավիճակի փոփոխության դեպքում անձամբ տեղեկացնել:

«Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»,- եզրափակել է նա։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 2-ին Փաշինյանը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով 9 քաղաքացու ախտորոշման թեստերի պատասխանները եղել են բացասական։

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։
Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։