ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փաստական տվյալներ է ստացել, որ 2009-2016 թթ. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի, այնուհետև ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու շահագրգռվածությունից ելնելով։
Հիշյալ պաշտոնյան խախտել է ՀՀ օրենսդրությունը և ՀՀ պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ ՀՀ դրամի պարտավորություններ ունեցող տնտեսվարողի կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից ցածր գնով իրացրել իր ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը։
Պաշտոնյան այդ ընկերությանը նաև ազատել է 5.000.000 եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից:
Բացի այդ, իմանալով, որ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը 6.000.000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն է տրամադրել տնտեսվարող սուբյեկտի, որի գույքի վրա հարկային պարտավորություններ չկատարելու համար արգելք է դրվել, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համապատասխան հարկային տեսչության պետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կիրառված արգելանքը վերացնելու ուղղությամբ։
«Այս ամբողջ թատրոնն անտեղի է». Սեյրան Օհանյանը` իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին
Պաշտոնյայի գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է դրա բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների կատարումն ապահովելու հետ կապված հարաբերությունները և գրավադրված գույքի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ դրամի նյութական վնաս:
ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին. ՀՔԾ
Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ 2009-2014 թթ. ՊԵԿ ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ 2014-2016թթ. Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է Տիգրան Բարսեղյանը։
Այդ տարիներին Բարսեղյանի անմիջական ղեկավարը եղել է Գագիկ Խաչատրյանը։ Ֆինանսների նախկին նախարարը և նրա եղբորորդին, որոնք նախկինում պԵԿ-ում բարձր պաշտոններ են զբաղեցրել, ձերբակալվել են 2019թ-ի օգոստոսին ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և ֆինանսական միջոցների մեծ վատնելու կասկածանքով: Խոսքը 226 միլիոն դրամի մասին է: