ԵՐԵՎԱՆ, 3 մարտի Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը։
«Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ սահմանափակումը կտարածվի նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Թորոսյանը հայտնեց նաև, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիները գանգատներ չունեն, իսկ վարակված քաղաքացին գտնվում է լավ վիճակում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։
Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։
Ի՞նչ է լինելու Հայաստան–Իրան էլեկտրագծի հետ, եթե սահմանը երկար փակ մնա
Հիշեցնենք, որ Իրանի հետ ցամաքային սահմանը երկու շաբաթով փակելու մասին Հայաստանի կառավարությունը հայտարարեց փետրվարի 24-ին։ Օդային հաղորդակցության մասով ևս որոշակի սահմանափակումներ են կիրառվել, սակայն Հայաստան ժամանած Իրանի բոլոր քաղաքացիները կկարողանան հետ վերադառնալ, իսկ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները` գալ Հայաստան։