ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել Վրաստանի նախագահի նստավայրում տիրող մթնոլորտն ու ինտերիերը: Նա այդ մասին ասել է Թբիլիսիում Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
2018-ի մայիսին Վրաստանում վարչապետի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի ընթացքում Փաշինյանը Հավլաբարի նախագահական պալատում հանդիպել է այն ժամանակվա նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Շենքը կառուցվել է Միխեիլ Սաակաշվիլիի օրոք:
Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Վրաստանի նոր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեց աշխատել այդ պալատում: Նա նախընտրեց Անտոնելի փողոցում գտնվող նստավայրը, որը Օրբելիանիի նախկին պալատն է. տարածքը վեց հազար քմ է: Ժամանակին Մարգվելավշիլին հրաժարվեց այնտեղ տեղափոխվել:
«Մենք ողջունում ենք Ձեզ նոր նստավայրում, որը պահպանում է հին Թբիլիսիի մթնոլորտը: Այստեղ երկուսս էլ լավ ենք զգում»,- ասել է Զուրաբիշվիլին ՝ ողջունելով Փաշինյանին:
«Տպավորիչ էր». Գախարիան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և պատմել ծրագրերի մասին
ՀՀ վարչապետը նշել է, որ նստավայրում տիրող մթնոլորտը իսկապես լավն է ։ Ըստ Փաշինյանի` այն և՛ աշխատանքային է, և՛ մշակութային: Նա նաև շեշտել է, որ իրենց առաջին հանդիպումից ի վեր, որը տեղի է ունեցել 2019-ի մարտին, Զուրաբիշվիլիի` Երևան պաշտոնական այցի ընթացքում, հայ-վրացական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում:
Զուրաբիշվիլին, իր հերթին, բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և նշել, որ այսօրվա հանդիպումների շրջանակում բարձրացրած հարցերը նոր դինամիկա կհաղորդեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: