Ովքե՞ր են բարձրացրել դիմակների գները. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է դեղատները

Դիմակների նոր խմբաքանակը Հայաստան կբերվի ու կվաճառվի ավելի թանկ գներով, իսկ ալկոգելերի գները չեն փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ՀՀ կառավարությունն աշխատում է գործարարների միջոցով դիմակների նոր խմբաքանակներ ներմուծելու ուղղությամբ, բայց դրանց գներն աշխարհում արդեն բարձրացել են, և եթե անգամ ներմուծվեն, վաճառվելու են արդեն ավելի բարձր գնով։

Գևորգյանը ներկայացրեց ՀՀ 90 դեղատներում կատարած ուսումնասիրության արդյունքները։

«Որևէ խոշոր ներկրողի մետ որևէ դիմակի գին չի բարձրացվել։ Այս պահին, այո, կան ցանցեր, որտեղ դիմակներ չկան, բայց արհեստականորեն որևէ դիմակի գին խոշոր դեղատնային ցանցերում չի բարձրացել։ Այսինքն` այն տեղեկությունները, թե արհեստական դեֆիցիտ, գների չհիմնավորված բարձրացում կա, իրականությանը չեն համապատասխանում»,– ասաց Գևորգյանը։

Դիմակների գներն, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, բարձրացրել են միայն փոքր դեղատները, որոնցում դրանք վաճառվում են 200-300 դրամով։

Հայերը ծիծաղում են կորոնավիրուսի վրա ու ոտքով հրաժեշտ տալիս միմյանց. զվարճալի տեսանյութ

«Նույնիսկ մեզ ուղարկում են, որ List.am-ով են վաճառում կամ Facebook-ով են հայտարարություն տալիս։ Բայց դրանք տնտեսվարող սուբյեկտներ չեն, մեր տիրույթում չեն գտնվում։ Իսկ հիմնական ծավալ ապահովող ընկերություններն այս պահին գնային փոփոխություն չեն իրականացրել»,– ասաց Գևորգյանը։

Նա նշեց նաև, որ Հայաստանից բժշկական դիմակներ արտահանել են ոչ թե ներկրողներն ու խոշոր ընկերությունները, այլ մանրները, որոնք գնել են ներկրված դիմակներն ու արտահանել։

Ախտահանիչ նյութերի դեֆիցիտ Հայաստանում նույնպես առաջացել է կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտարարությունից հետո, բայց Գեղամ Գևորգյանի պնդմամբ, միայն այն պատճառով, որ շաբաթ–կիրակի օրերին մատակարարումներ չեն եղել։

Պաշտոնյանի տեղեկություններով` այսօր առավոտից նոր խմբաքանակների մատակարարումներ են տեղի եղել, իսկ տեղական արտադրողը վերազինվում է` ավելի մեծ ծավալի արտադրություն սկսելու համար։

Ինչպես են Հայաստանում պայքարում կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Հայաստանում, ՏՄՊՊՀ տվյալներով, ախտահանիչ նյութեր (մասնավորապես` ալկոգել) արտադրում են 3 ընկերություններ, որոնք գները չեն բարձրացրել ու չեն էլ բարձրացնելու։

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։ Մեկուսացվածներից որոշ մասի մոտ վարակի առկայությունն արդեն հերքվել է, ևս 9-ի թեստերի պատասխանները կառավարությունը կստանա ու կհայտնի առաջիկայում։