Կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը․ չեղարկված ուղևորությունների վնասները Հայաստանում

Համաշխարհային տուրիզմը վնասներ է կրում կորոնավիրուսի տարածման հետ կապված։ Բնականաբար, Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ վնասներից։ Sputnik Արմենիան փորձել է հասկանալ` ինչ է կատարվում այս ոլորտում։
Sputnik

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Հայաստանյան շատ հյուրանոցներում հիմա, կորոնավիրուսի տարածման հետ կապված, կարելի է նախօրոք արած ամրագրումը չեղարկել ընդամենը մեկ շաբաթ առաջ ու չտուգանվել, այն դեպքում, երբ նախկինում հնարավոր էր առանց տուգանվելու չեղարկում կատարել ուղևորությունից մեկ ամիս առաջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` հավելելով, որ սա շատ կարևոր քայլ էր զբոսաշրջիկների շրջանում մեր հանդեպ վստահություն սերմանելու համար, որպեսզի խուճապի մեջ ընկած՝ չշտապեն րոպե առաջ չեղարկել իրենց ուղևորությունը՝ մտավախություն ունենալով, թե ավելի ուշ դա պարզապես չեն կարող անել։

Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով 9 քաղաքացու թեստերի պատասխանը պատրաստ է

«Կարևոր է, որ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ ներկայացվեն և մեկնաբանվեն՝ ոչ միայն խուճապ չառաջացնելու, այլև աշխարհին ճիշտ ուղերձներ ուղարկելու համար»,– ասում է Մեխակ Ապրեսյանը։

Զբոսաշրջության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետը չի շտապում կանխատեսումներ անել, թե տարվա կտրվածքով ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային տուրիզմի վրա։ Նա նշում է, որ, օրինակ, 2009թ․-ին, երբ աշխարհում մոլեգնում էր թռչնի գրիպը՝ H1N1-ը, համաշխարհային զբոսաշրջությունը նախորդ տարիների համեմատ աճ գրանցեց։ Ապրեսյանը չի բացառում, որ նույնը կարող է այս տարի էլ լինել։ Երբ կորոնավիրուսը հետևում կմնա, հնարավոր է, որ մարդիկ ավելի մեծ հաճախականությամբ ու թափով ճամփորդեն՝ լրացնելով բաց թողածը։

Ջերմուկի Զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանի խոսքով՝ ոչ մի արտասովոր վիճակ չկա, չեղարկումներ միշտ էլ լինում են, այս պահին Ջերմուկում էլ չեղարկումների թիվը սովորականից շատ չէ, օրվա ընթացքում կարող է լինել 1 չեղարկում, 2 նոր ամրագրում։

Գերմանիայի ներքին գործերի նախարարը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը

«Բացի այդ մենք նամակ ենք ստացել ամրագրումների Booking.com համակարգից այն մասին, որ եթե իրենց միջոցով արված ամրագրումը չեղարկվում է այն երկրից, որտեղ կորոնավիրուսի տարածում կա, ապա մենք չեղարկումն անենք անվճար, իրենք էլ չեղարկումն անվճար կհաստատեն»,- նշում է Նարեկն ու ասում, որ այդպես էլ վարվում են։

Նրա խոսքով` սա վերաբերում է անհատական ամրագրում- չեղարկումներին, բայց  ներկա պահին Ջերմուկի ոչ մի հյուրանոցային տնտեսությունում խմբային ամբողջական չեղարկում չկա։ Կան դեպքեր, երբ խմբերն իրենց ծրագրած ուղևորության ժամանակահատվածն են փոխում, ասենք՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսների ամրագրումը տեղափոխում ավելի ուշ ժամանակահատված՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։

Իրանում կորոնավիրուսի պատճառով մահացել է Խամենեիի խորհրդականը. ԶԼՄ

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը մեզ հետ զրույցում ասում է՝ հունվարը հանգիստ է անցել, բնականոն, փետրվարից սկսել է իրավիճակը փոխվել։ Այդ հարցում մեծ է համաշխարհային մամուլի դերը, քանի որ խուճապը սկսեց տարածվել աշխարհում։

«Եթե ուղևորության ժամանակահատվածն ավելի ուշ է, զբոսաշրջիկներն ու նաև արտասահմանի մեր գործընկերները չեն շտապում չեղարկումներ անել, սպասում են, տեսնեն՝ իրավիճակն ինչպես կզարգանա, իսկ եթե մոտ է, ասենք՝ մարտին, ապա շատերն են չեղարկում»,- ասում է Յաշան և հավելում, որ այս պահին արդեն կան չեղարկված խմբեր Իսրայելից, Իսպանիայից, Ավստրիայից, Գերմանիայից։

Նրա խոսքով՝ հիմա իրավիճակն օրհասական չէ, բայց մտավախություն կա, թե ինչ կարող է լինել։ Բայց և հավելում է՝ սա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է այս վիճակը, Հայաստանում իրավիճակը դեռ համեմատաբար ավելի լավ է։

Պրոֆեսիոնալ գիդ-էքսկուրսավար Գայանե Ալեքսանյանին մտահոգում է, որ մարտին ծրագրված գրեթե բոլոր զբոսաշրջային խմբերն արդեն չեղարկվել են՝ Ռուսաստանից,  Պարսկաստանից, ասիական տարբեր երկրներից, Եվրոպայից։ Ասում է՝ ամենավատն այն է, որ իրավիճակն անորոշ է, պատկերացում չունես, թե երբ և ինչ ընթացք կստանա այս ամենը։

Ավելորդ գնումների կարիք չկա. Հայաստանն ունի՞ պարենի բավարար պահուստներ

«Հայաստանում տարեցտարի զբոսաշրջությունը զարգանում է, այս տարի ավելի շատ զբոսաշրջիկներ էինք սպասվում։ Դրա համար էլ ընկերներիցս շատերը վարկ էին վերցրել, մեկն ավտոբուս էր գնել, մյուսը հյուրատունը վերանորոգել զբոսաշրջիկներ դիմավորելու համար։ Հիմա մարդիկ անելանելի վիճակում են հայտնվել»,- ասում է Գայանեն՝ նշելով, որ օրինակ հյուրանոցներ, ռեստորաններ կան, որոնց թիրախային շուկան հենց իրանցիներն են։ Առջևում Նովրուզն է, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսի վնասներ են նրանք կրելու։

Ի դեպ, ոչ միայն ներգնա տուրիզմն է տուժել, այլև արտագնա։ Տարբեր զբոսաշրջային ընկերություններ նշեցին, որ տարբեր ուղղություններով չեղարկումներ են ունենում, ամենից հաճախ՝ Իտալիայի։

Կորոնավիրուսի պատճառով Երևանում ուկրաինական ջրային կրկեսի շոու ծրագիրը կհետաձգվի

Զբոսաշրջության պետական կոմիտեից այս պահին իրավիճակը մեկնաբանել չցանկացան, նշեցին, որ մասնագետներն աշխատում են, ուսումնասիրություններ են կատարում իրավիճակը գնահատելու  համար։ Խոստացան պաշտոնական հաղորդագրությամբ հանդես գալ, երբ հիմնավորումներով մասնագիտական ուսումնասիրություն, այլ ոչ թե պարզապես կարծիքներ իրենց ձեռքում կունենան։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։ Մեկուսացվածներից որոշ մասի մոտ վարակի առկայությունն արդեն հերքվել է, ևս 9-ի թեստերի պատասխանները կառավարությունը կստանա ու կհայտնի առաջիկայում։

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի

Զբոսաշրջության և ճամփորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) հաշվարկել է կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային տուրիզմում հնարավոր վնասները։ Մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ վնասը կարող է հասնել 22 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Տեղեկությունը հաղորդում է El Mundo իսպանական պարբերականը՝ մեջբերելով խորհրդի ղեկավար Գլորիա Գևարայի կարծիքը։ Այդ հաշվարկները հիմնված են նախկին նման ճգնաժամների, օրինակ՝ խոզի գրիպի, նաև 2002-2003 թթ․բռնկված ատիպիկ թոքաբորբի (SARS) փորձի վրա։

Ուսումնասիրության հիմքում նաև վերջին շաբաթներին կորոնավիրուսի հետևանքով չինացի տուրիստների չճամփորդելու հանգամանքն է, քանի որ չինացի տուրիստները համարվում են ամենաշռայլ ճանապարհորդները։ Ամենից շատ ճգնաժամը կզգացվի Չինաստանում, որտեղ տուրիզմին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 11 տոկոսը, ինչպես նաև այն երկրներում, որոնք կախում ունեն չինացի զբոսաշրջիկներից, մասնավորաբար` Հոնկոնգը, Մակաոն, Թաիլանդը, Կամբոջան, Ֆիլիպինները։