Կորոնավիրուսը լուրջ չենք ընդունում, կամ ինչ կատակներ են ծնվել դրա «ժամանումից» հետո

Էլ ոչ մի պաչիկ, դիմակներն ու ախտահանիչ միջոցներն էլ ոսկուց էլ թանկ են, բոլոր շենքերից խնկի հոտ է փչում... Մենք` հայերս, կարողանում ենք ամեն ինչին հումորով նայել, անգամ` կորոնավիրուսին։ Տխուր իրականության ուրախ կողմը` մեր նյութում։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Facebook–ի օգտատերերն ասում են, թե մենք այնքան ծիծաղեցինք կորոնավիրուսի վրա, որ այն շուտով կնեղանա և ինքնակամ կլքի երկիրը։ Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կորոնավիրուսով վարակվելու առաջին հաստատված դեպքի մասին, ինչը փոխեց մեր քաղաքացիների առօրյան։

Էլ ոչ մի պաչիկ

2018 թվականի հուլիսին Փաշինյանը Ֆրանսիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ամուր գրկեց ներկայացուցիչներից մեկին ու առաջարկեց «պաչիկ» անել (Let’s do պաչիկ)։ Հավանաբար ֆրանսիացիները զարմացել էին ՀՀ առաջնորդի հանդուրժողականության և բարյացակամության վրա` պատկերացում անգամ չունենալով, որ Հայաստանում գրեթե բոլոր տղամարդիկ համբուրում են միմյանց հանդիպելիս։

Հայերը ծիծաղում են կորոնավիրուսի վրա ու ոտքով հրաժեշտ տալիս միմյանց. զվարճալի տեսանյութ

Սակայն կորոնավիրուսը փոխեց արմատացած ավանդույթը. չվարակվելու համար հայ տղամարդիկ ձեռքսեղմումը փոխարինեցին «ոտքսեղմումով»։

Ոչ միայն սատանան է խնկից վախենում, այլև կորոնավիրուսը

Արդեն երկրորդ օրն է՝ մայրաքաղաքի գրեթե ամեն շենքից ծխացրած խնկի հոտ է գալիս։ Մարդիկ պայքարում են կորոնավիրուսի դեմ բոլոր հնարավոր ու անհնար ձևերով, իսկ խունկը, կրոնական նշանակությունից բացի, նաև ախտահանիչ հատկություններ ունի։ Խնկի հոտ է բուրում նաև Երևանի ակումբներից մեկում` Calumet–ում։

Դիմակներ հայկական ձևով

Դեռ փետրվարի սկզբին Sputnik Արմենիան գրել էր, որ երկրում բժշկական դիմակների խիստ պակաս կա. Հայաստանը միացել էր միջազգային ակցիային և մեծ քանակությամբ դիմակներ էր ուղարկել Չինաստան։

Եվ հիմա, երբ դիմակներն այստեղ են շատ պետք, արդեն չկան։ Բայց ժողովուրդը ելքը գտնում է։ Ոմանք, օրինակ, հակագազով են շրջում Երևանի կենտրոնական փողոցներում։ Միևնույն ժամանակ հաջողացնում են ծխել։

Ոմանք էլ հայկական «էկոդիմակ են» ստեղծել լավաշով և կանաչիով։

Ոմանք լվանում են իրենց միակ դիմակը, թեև այն նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար։

Մարդ կա դիմակի այս սուղ պայմաններում դրանց գույների մեջ է ընտրություն կատարում. «Հարևանուհին մամային հարցրել է, թե կարո՞ղ ա կապույտ դիմակ ունենանք, ինքն առել է վարդագույն, ամուսինը հրաժարվում է դնել», – գրում է Facebook–ի օգտատեր Հասմիկ Բարխուդարյանը։

Այ մարդ, ինչ տարբերություն, դիմակ կա` դիր էլի։

Օղի խմել և վանել վիրուսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 1-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ոգելից խմիչքներն օգնում են սպանել կորոնավիրուսը և խորհուրդ տվեց ախտահանիչ միջոցներ օգտագործել։ Դեղատներում ախտահանիչ միջոցների պակասն այնքան է, որքան դիմակներինը, սակայն խանութի ցուցափեղկերին օղի շատ կա։ Ասում են՝ ամենաշատը կորոնավիրուսի դեմ պայքարելու գործում օգնում է Նիկոլ Փաշինյանի պատկերով «Վարչապետ» օղին։

Իսկ խմելու հետ մեծ սեր ունեցող քյավառցիները սպառնում են տեղում սպանել կորոնավիրուսին։

-Կորոնովիրուսը եկավ Հայաստան։

-Շնորհավոր։

-Կմեռնի, կգնա Քյավառա կողմերը ու կմեռնի։

«Ինձ էլ կարանտին տարեք»

Հայաստանում բավականին ինքնատիպ լուծեցին այն մարդկանց հարցը, որոնք հասցրել էին շփում ունենալ կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ։ 32 քաղաքացու և մեկ շնիկի փակել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հինգաստղանի հյուրանոցում։ Այն, որ պոտենցիալ վարակակիրների կարանտինն անցնում է էլիտար հյուրանոցում, ոչ թե բուժկենտրոնում, համացանցում մեմերի նոր ալիք է ծնել։ Շատերը հարցնում են`ում կողքին է պետք փռշտալ, որ նրանց էլ մեկ շաբաթով Ծաղկաձոր ուղարկեն։

Օգտատեր Վաչ Ջիվանյանը, օրինակ, գտնում է, որ կորոնավիրուսի ժամանակ ճիշտը Հայաստան այցելելն է։

«Հայաստանը լավագույն երկիրն է, ուր կարելի է այցելել կորոնավիրուսի ընթացքում։ Նախ՝ մեր երկիրը լեռնային է, իսկ սառը օդում վիրուսը մահանում է։ Երկրորդ` ձեզ լրիվ անվճար կտեղավորեն զբոսաշրջային քաղաքի հինգաստղանի հյուրանոցում։ Երրորդ` հայերը ձեզ տեղական գինի և սխտոր կհյուրասիրեն, որոնք վիրուսին ոչ մի շանս չեն թողնի»։

Մեմերից մեկում էլ ասվում է, որ կորոնավիրուսի ընթացում «Գոլդեն փելեսում» լավագույնս դրսևորած անձինք կտեղափոխվեն Մալդիվներ։

Իսկ օգտատեր Երվանդ Վարոսյանը կատակում է, որ կորոնավիրուսով հիվանդները Հայաստանում մեծ հարգանք են վայելում։

«Կորոնավիրուսով վարակվածների համար էքսկուրսիաներ կկազմակերպվեն նաև դեպի Սևան, Գառնի-Գեղարդ, Էջմիածին, Նորավանք և Տաթև»։

Կարծես թե կորոնավիրուսն իսկապես «ճնշվել է» հայերի կատակներից. «թու, թու, թու», դեռ միայն ՀՀ մեկ քաղաքացու մոտ է այն հաստատվել։ Բացի այդ, վարչապետի հավաստմամբ, նրա ինքնազգացողությունը շատ լավ է։

Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

Կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքից հետո Հայաստանում քաղաքացիների համար շուրջօրյա գործում է հետևյալ թեժ գիծը` 8003։ Հայաստանում չեղարկել են նախատեսված զանգվածային միջոցառումները, բոլոր ուսումնական հաստատություններում վաղաժամ արձակուրդ են հայտարարել։