ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է, թե Ծաղկաձորի 5-աստղանի հյուրանոցում ինչ պայմաններում են ապրում կորոնավիրուսով հիվանդի հետ շփում ունեցած մարդիկ։
Տեսանյութում երևում է, որ է հատուկ արտահագուստով անձնակազմը սնունդ է բաժանում հյուրանոցում բնակվողներին։ Սնունդը տրվում է յուրաքանչյուրին իր համարի դռան մոտ` առանց ներս մտնելու։
«Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելես» 5–աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սննդով: Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան»,– գրել է վարչապետը։
Նա նաև հայտնել է, որ հյուրանոցում պահվող մարդկանց մոտ կորոնավիրուսի ոչ մի ախտանշան չկա, բոլորը լավ են զգում:
Նույն տեսանյութը հրապարակել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` տեղեկացնելով, որ երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես վերանորոգվել է, և այն արդեն գործում է։
«Վաղը կաշխատի ինտերնետը և հավանաբար նաև ներքին հեռուստատեսային ցանցը»,– ավելացրել է նախարարը։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը
Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեցին, որ 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։
Ինչպես են Հայաստանում պայքարում կորոնավիրուսի դեմ. տեսանյութ