Մարդը հիվանդասենյակում հեռուստացույց է նայում. վարչապետը հայտնել է` ինչպես է զգում հիվանդը

Նիկոլ Փաշինյանը միջկառավարական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Հայաստանում համաճարակային վիճակի վերջին տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Մարտ — Sputnik.Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բացասական փոփոխություն կամ վարակի նոր դեպք չի գրանցվել։ Այս մասին կորոնավիրուսը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես են ապրում կորոնավիրուսի պատճառով Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիները. տեսանյութ

«Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է եղել։ Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին։ Դրանք լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հույս հայտնեց, որ դրանք ևս չեն հաստատվի, բայց հաստատվելու դեպքում էլ, նրա խոսքով, այն խուճապի առիթ չպիտի լինի։

Ինչ վերաբերում է առայժմ միակ հաստատված դեպքին, վարչապետը հայտնեց, որ վարակված տղամարդն իրեն լավ է զգում, ջերմություն չունի ու նույնիսկ դեղորայքային բուժում չի ստանում։

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2912–ի

«Ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում հիվանդասենյակում հեռուստացույց է նայում»,– ասաց նա։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ի գիշերը. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Ինչպես են Հայաստանում պայքարում կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Մարտի 1-ի դրությամբ` 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տանից դուրս չգալ։