Հանձնաժողովի նախագահը ՁԻԱՀ–ի կենտրոնի հարցով կդիմի կառավարություն. նա հիշեց նախկին փորձը

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորմանը նվիրված նիստն ավարտվեց, հարցը մնաց առկախ։ Խնդիրը նորից կներկայացվի կառավարություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Օպտիմալացման քողի տակ փորձ է արվում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միջոցները նվիրել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին։ Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» Համաճարակաբանության հսկողության բաժնի նախկին վարիչ Արշակ Պապոյանը։

ՁԻԱՀ–ի կենտրոնի տնօրենն ազատվել է, փոխտնօրենը` տարվել ոստիկանություն. նախարարն ասաց` ինչու

«Առողջապահության նախարարությունն այս հարցում երկակի ստանդարտներ է կիրառում, երբ մի դեպքում անհրաժեշտ ռեսուրսներ չունեցող բուժհիմնարկները զրկվում են պետպատվերներից, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը` չունենալով այդ ռեսուրսները, ոչ միայն չի զրկվում պետպատվերից, այլև ստանում է որոշակի բոնուսներ։ Օպտիմալացման քողի տակ փորձ է արվում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միջոցները նվիրել այդ բժշկական կազմակերպությանը»,- ասաց նա։

Պապոյանը նաև ճիշտ չհամարեց, որ որևէ բուժում ստանալու համար «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից քաղաքացիները հասնեն ՁԻԱՀ–ի կենտրոն։

ՄԻԱՎ–ով ապրող պացիենտին 4 ժամ չէին տեղափոխում վերակենդանացման բաժանմունք. բողոքի ակցիա

Միացումն, ըստ նրա, հանգեցնելու է կառավարման դժվարացմանն ու ներկա համակարգի խարխլմանը։

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանն էլ հիշեցրեց նման միավորման նախկին փորձը, երբ տուբերկուլյոզի ազգային ծրագրի գրասենյակը միացվեց ստացիոնար բուժման կենտրոնին։

«Տեղի ունեցավ միայն ծառայությունների բարելավում, հիվանդները միայն շահեցին, երբ մի կենտրոն կոչում ես այդ հիվանդության անունով ու միայն այդտեղ ես կենտրոնացնում այդ հիվանդների բուժումը, այլ հիվանդանոցներում նման հիվանդներին ասում են` գնացեք ձեր կենտրոն։ Դրա համար մենք ուզում ենք այս կենտրոնացումը վերացնել» ,– ասաց նա։

Երկու բուժհիմնարկների միավորումից հետո, Լուսինե Քոչարյանի խոսքով, ՄԻԱՎ–ով ապրող մարդիկ բուժումներ ստանալու են, ըստ անհրաժեշտության, ՀՀ համապատասխան բոլոր մնացած բուժհիմնարկներում։

ՁԻԱՀ–ի կենտրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվը նրան չի ընդունում

Ամփոփելով քննարկումը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ հանձնաժողովը հարցում էր արել առողջապահության նախարարությանը, թե արդյոք մինչև որոշում կայացնելը ռիսկերի գնահատում արվել է։

«Քննարկումից 20 րոպե առաջ պատասխանը եկել է, որ ոչ մի գնահատում էլ չի արվել, որովհետև դա ապացուցված փաստ է, դա առանց այդ էլ պարզ է։ Իսկ մենք պրակտիկայում ունենք լրիվ հակառակ պատկերը, երբ բժշկական բուրգերը ստեղծվեցին ու իրարից հեռու գտնվող միավորվող կազմակերպությունների ողջ կառավարումը տապալվեց։ Նման մի քանի փաստեր այսօր էլ Հայաստանում ունենք», կարծում եմ` պետք էր գնահատումներ անել, հետո որոշում կայացնել»,- ասաց Զեյնալյանը։

Նիստն ավարտելով` հանձնաժողովի նախագահը մասնակիցներին խնդրեց իրենց ունեցած բոլոր փաստերը փոխանցել փորձագետներին, որոնց կազմած տեղեկանքն առաջիկայում կուղարկվի կառավարություն։

Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը

Մինչ այդ, սակայն, անորոշ է մնում ՁԻԱՀ–ի կենտրոնի մասնագետների խնդիրը։ Նրանք իրենց տնօրենի պաշտոնանկությունից հետո ևս աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել, որոնք հետ վերցնելու ժամկետն ավարտվում է այսօր երեկոյան։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է։ Նրա փոխարեն այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Արթուր Բերբերյանը:

Նա, նախարարի հրամանի համաձայն, պետք է զբաղվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու մասին կառավարության որոշման պահանջների կատարմամբ:

Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակազմը, սակայն, ո՛չ նոր ղեկավարին, ո՛չ էլ նախարարի որոշումը չի ընդունում` պնդելով, որ այդ որոշումներն ընդունելուց առաջ մասնագետների հետ չեն քննարկել։ Իսկ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միավորելը կխաթարի այն ամենը, ինչն ստեղծվել է տարիների աշխատանքով։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է 2020թ-ի հունվարի 30-ին։

Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը

Թե իրականում ինչ փոփոխություններ են սպասվում երկու բուժհիմնարկների կյանքում, պարզ կլինի միայն 2 ամսից, քանի որ միավորման գործընթացը պաշտոնապես կգրանցվի միայն մարտի 30-ից հետո։

Ստեղծվող նոր ընկերությունում կձևավորվի նոր գործադիր մարմին, վերստուգող հանձնաժողով, կմշակվի նոր կանոնադրություն։ Պետությունը նորաստեղծ ընկերությունը կգրանցի եռամսյա ժամկետում։