ՀԿԵ ներդրումները 2020 թվականին գերազանցելու են 4,4 մլրդ դրամը. Ալեքսեյ Մելնիկով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն ամփոփել է փետրվարին կատարված աշխատանքները և ներկայացրել առաջիկա անելիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. 2020 թ-ի փետրվարին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմել են 219,4 տոննա, ինչը 0,5% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուղևորների թիվը գերազանցել է 26,4 հազարը` աճելով 8,4%-ով: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 30%, տեղականները՝ 7,6%: Այս մասին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը` ամփոփելով փետրվարյան աշխատանքի արդյունքները։

Ինչու են ՀԿԵ մեքենավարները մեկնել Ռուսաստան

Միևնույն ժամանակ, անկում է գրանցել բեռնաշրջանառությունը (0,2% նախորդ տարվա հետ համեմատ), երկաթուղային արտահանումը (23,5%)՝ տեղական փոխադրումների 13%-նոց աճի ֆոնին:

Նշվում է, որ կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները, բեռնատար վագոնների արտադրողականությունն ու շրջանառությունը:

ՀԿԵ–ն գործադուլ արած մեքենավարներին ներում է, բայց վերջին անգամ

Տարվա կտրվածքով 24%-ով ավելացել է նաև երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը՝ կազմելով 251 հազար դրամ: Իսկ աշխատանքի արտադրողականությունն աճել է մոտ 1%-ով:    

Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում են գնացքների անվտանգությանն ու ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները: Մասնավորապես, սկսվել է կոճերի փոխարինման գործընթացը, կատարվում է կոնտակտային ցանցի, քարշային տրանսֆորմատորների վերանորոգումը, կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

«Հարավկովկասյան երկաթուղում» ամփոփել են 2019–ը. արդյունքներից գոհ են

«2020 թվականին Հարավկովկասյան երկաթուղու ներդրումային ծրագրով նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ, որից 1,8 միլիարդն ուղղվելու է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 2,5 միլիարդը՝ շարժակազմի նորացմանը»,- ասել է ընկերության ղեկավարը:

Որպես առաջնահերթ խնդիրներից մեկը, ըստ ՀԿԵ ղեկավարի, գնացքների անվտանգ երթևեկության համակարգի արդիականացումն է, աշխատանքի անվտանգության, աշխատատեղերում սանիտարակենցաղային պայմաների կատարելագործումը:

Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցման առնչությամբ Մելնիկովը հանձնարարել է ձևավորել հատուկ աշխատանքային շտաբ, անհրաժեշտ տեղեկատվական աշխատանք կատարել աշխատողների շրջանում, ուղևորափոխադրումները սպասարկող բոլոր աշխատակիցներին ապահովել լրացուցիչ պաշտպանության միջոցներով, մաքրող և ախտահանող միջոցներով: Նման քայլերն ուղղված են Ընկերության աշխատողների շրջանում հիվանդության կանխարգելմանը:

ՀԿԵ–ն գործադուլ արած մեքենավարներին ներում է, բայց վերջին անգամ
 

«Շուտով նաև դպրոցներում սկսվելու է արձակուրդների սեզոնը և անհրաժեշտ է լրացուցիչ աշխատել երեխաների հետ՝ բացատրելով նրանց երկաթուղու վտանգավորությունը, որ ցանկացած խաղեր գծերի հարևանությամբ արգելվում են: Տեղական իշխանությունների հետ համատեղ անհրաժեշտ է տեղեկատվական աշխատանք կատարել քաղաքների և գյուղերի բնակիչների շրջանում՝ հաշվի առնելով, որ երկաթուղու հարևանությամբ նկատվում են աղբակույտեր, չթույլատրված կառույցներ, այգիներ: Հատկապես արդիական է երկաթուղային գծերի հարևանությամբ տնային անասունների արածեցման հարցը, ինչը վտանգավոր է ինչպես կենդանիների, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի համար», - ընդգծել է նա:

ՀԿԵ-ն և GeoProMining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: