Ավելորդ գնումների կարիք չկա. Հայաստանն ունի՞ պարենի բավարար պահուստներ

Գեղամ Գևորգյանը վստահեցնում է` Հայաստանն այս պահին որևէ ապրանքի հետ կապված խնդիր չունի և առաջիկայում էլ չի ունենա։ Ուստի, խանութներից մեծածավալ գնումներ անելու կարիք չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Խանութներից խուճապահար գնումներ անելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, քանի որ Հայաստանը պարենային ապրանքների բավարար պաշար ունի. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետ կապված մարդկանց մտավախություններին ու խանութներից մեծաքանակ գնումներ կատարելուն։

Ինչ իրավիճակ է երևանյան սուպերմարկետներում. սովորական գնումնե՞ր, թե՞ խուճապ

Երեկ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է արձանագրվել. Իրանից Հայաստան վերադարձած 29-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նա մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

«Մեր ունեցած շաքարավազի, ալյուրի ծավալն այնքան շատ է, որ մեկ տարի կբավարարի մեզ։ Ավելին, այս պահին որևէ ապրանքի հետ կապված խնդիր չունենք»,–ասաց Գևորգյանը։

Ինչպես են Հայաստանում պայքարում կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Խոսելով Իրանից ներկրվող ապրանքների որոշակի սահմանափակումների մասին` Գևորգյանը նշեց, որ Հայաստանը չունի Իրանից ներկրվող այն ծավալով ապրանք, որի բացակայության դեպքում մեր շուկայում կարող է դեֆիցիտ առաջանալ։

Նա անդրադարձավ նաև դեղերի շուկայում հնարավոր գների բարձրացմանը` հայտնելով, որ խոշոր խանութներում թանկացումներ չկան։ Գևորգյանը նշեց` խնդիրն այն է, որ կորոնավիրուսի բուժման համար դեռ չկա որևէ դեղամիջոց, այսինքն` ապացուցված չէ, որ, օրինակ, «Տերաֆլուն» կարող է օգնել կորոնավիրուսի բուժմանը։

Էներգիան տնտեսելու համար ՀՀ կառավարությունն ուզում է արգելել շիկացման լամպերի գնումը

Հիշեցնենք, որ մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։

Մեկուսացված քաղաքացիների որոշ մասի մոտ վարակի առկայությունն արդեն հերքվել է, ևս 9-ի թեստերի պատասխանները կառավարությունը կստանա ու կհայտնի առաջիկայում։