Նրա հետ շփված մարդիկ կմեկուսացվեն․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի առաջին դեպքի և երթի մասին

Կորոնավիրուսով վարակվածը երիտասարդ տղամարդ է, որն ինքնաթիռով է եկել Հայաստան։ Փաշինյանը հորդորում է չանհանգստանալ, բայց պատրաստվում է չեղարկել երթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Թեհրանից օդանավով Երևան ժամանած 29 տարեկան տղամարդու մոտ։

«Նա կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին։ Նա ինքն է դիմել բժշկի, և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը երեքին։ Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեստի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի»,- Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Փաշինյանը վստահեցնում է, որ Թեհրանում և օդանավի մեջ բոլորը ուղևորները եղել են դիմակներով, օդանավից և օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։

Սնունդ պահեստավորե՞լ, թե՞ ոչ. երբ մենք պետռեզերվ ունեինք, կորոնավիրուսը դեռ չկար

Ըստ նրա՝ հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձևակերպել է պացիենտի և նրա կնոջ մուտքը ՀՀ։ Սահմանապահները նույնպես եղել են դիմակներով և բժշկական ձեռնոցներով։ Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն և տնից հիվանդանոց են եկել, կհայտնաբերվեն, և նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու են բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի։

«Լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկենք Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Իմ առաջարկը լինելու է երթը չեղարկել։ Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի և կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը։ Կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաև կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները»,- գրել է Փաշինյանը։

Ադրբեջանում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել․ իշխանությունը փակել է Իրանի հետ սահմանը

Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

COVID-2019 վիրուսը շարունակում է տարածվել ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվեց առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս։

Կորոնավիրուսը գրոհել է Իրանը. ի՞նչ է կատարվում հարևան երկրում

Իրանում ՀՀ դեսպանությունը երեկ հայտնել էր, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացիներ և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայում շարունակվում է:

Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին Երևանում երթ է անցկացվելու՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։