ԵՐԵՎԱՆ, 1 մարտի- Sputnik. Քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի վարակ էր հայտնաբերվել, իրեն լավ է զգում: Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։
Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են «Գոլդեն Փելես» հյուրանոցում և, նրանցից մեկի շնիկը, նույնպես իրենց լավ են զգում»,-գրել է նախարարը:
«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ չհաղթահարենք». Փաշինյանը հայտնեց դասերը հետաձգելու մասին
Նա խոստացել է շուտով Ծաղկաձոր գնալ և ուղիղ եթերով տեղեկություններ հաղորդել։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է անցած գիշեր. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տանից դուրս չգալ։
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացի և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229 քաղաքացի: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է: