Մեկուսացվել է 32 քաղաքացի. որտե՞ղ են նրանք. նախարարը մանրամասներ է հայտնել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կայացած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչու Իրանից ՀՀ ժամանած բոլոր ուղևորները չեն մեկուսացվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` մեկնաբանելով Հայաստանում գրանցված կորոնավիրուսի առաջին դեպքը, նշեց, որ Թեհրանից Հայաստան ժամանած 29-ամյա երիտասարդի հետ նույն ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորներին մեկուսացնելն աշխատող գործիք չէ։

Կորոնավիրուսով վարակված տղայի հետ ՀՀ ժամանած որոշ ուղևորների մեկուսացրել են Ծաղկաձորում

«Ապացուցված չէ, որ բոլորին մեկուսացնելը աշխատող գործիք է, և բոլորին մեկուսացնել խորհուրդ չի տրվում միջազգային որևէ կազմակերպության կողմից: Այնպես, ինչպես մեզ մոտ է հայտնաբերվել կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հիվանդության կլասիկ, ճիշտ հայտնաբերման մասին է»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակված տղամարդն այժմ որևէ վախեցնող սիմպտոմներ չունի, ավելին, նրա կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չկան:

Ըստ նախարարի՝ այժմ 32 մարդ է մեկուսացվել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորն էլ կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Մասնավորապես, մեկուսացվել են տղամարդու հետ ինքնաթիռի նույն շարքում նստածները, նրանից երկու շարք առաջ և հետ նստածները, ինչպես նաև ինքնաթիռի աշխատակիցները: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տանից դուրս չգալ։

Սնունդ պահեստավորե՞լ, թե՞ ոչ. երբ մենք պետռեզերվ ունեինք, կորոնավիրուսը դեռ չկար

Նախարարը հայտնեց նաև, որ ԱԱԾ-ն մի քանի ժամվա ընթացքում պարզել է՝ վարակված տղամարդը հիվանդանոց գնացել է շտապօգնության մեքենայով, որի աշխատակիցները նույնպես մեկուսացվել են:

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է անցած գիշեր. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է:

Նրա հետ շփված մարդիկ կմեկուսացվեն․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի առաջին դեպքի և երթի մասին

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված տղան կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին։ Նա ինքն էր դիմել բժշկի,  նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելիս ջերմել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։

Նախնական թեստը դրական եղել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով այս գիշեր ժամը երեքին։ Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։

Իրանում ՀՀ դեսպանությունը երեկ հայտնել էր, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացի և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է: