ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի վարակման հետ կապված սոցցանցերում պտտվում են լուսանկարներ ու գրառումներ, թե մարդիկ մի շարք սուպերմարկետներից տուն են տանում ինչ կարող են։ Sputnik Արմենիան շրջել է մի շարք խանութներով` փորձելով պարզել` ինչ իրավիճակ է իրականում։
Ի դեպ, Հայաստանում այս գիշեր կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է արձանագրվել. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, որը Իրանից է Հայաստան ժամանել։
Զեյթունի «Երևան սիթիում» սովորական կիրակնօրյա աշխուժություն էր տիրում: Սուպերմարկետի մենեջերը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին մարդկանց կողմից խուճապ չի նկատել, սովորական ամենօրյա եռուզեռն է։ «Կիրակի օրվա համեմատ այսօր դեռ մի բան էլ քիչ է հոսքը, սովորաբար այս ժամերին ավելի շատ գնորդներ են լինում»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ այսօր «արկղերով ու մեշոկներով» առևտուր չեն արել:
Լիքը զամբյուղով կանանցից մեկն ասաց, որ ուղղակի այսօր սովորականից մի փոքր շատ է գնումներ արել եկող շաբաթվա համար, քանի որ աշխատանքային օրերին ոչ միշտ է հարմար խանութ մտնել:
Տղամարդկանցից մեկն էլ նշեց, որ կորոնավիրուսով չի կարող վարակվել, ինչպես նաև խուճապ չկա, ապա ցույց տվեց իր գնած օղին ու հավելեց. «Ախտահանիչն առել ենք, աներոջս հետ գնում ենք ախտահանվելու»:
Խորենացի փողոցում գտնվող «Պարմա» սուպերմարկետ, սակայն, առավոտյան մի փոքր ավելի շատ էին հաճախորդներ այցելել ու հատիկեղեն, ձեթ գնել։ Խանութի մենեջերի խոսքով` մարդկանց մոտ մի փոքր խուճապ կա, որն անհարկի է, քանի որ խանութներն ապրանքների խնդիր չեն ունենալու։ Ի դեպ, մեր այցի ժամանակ խանութում որևէ արտառոց իրարանցում և մարդկանց կուտակումներ չկային։
Նույն փողոցի «Վաս» սուպերմարկետում նույնպես առավոտյան մի փոքր շարժ է նկատվել, սակայն մեր այցի ժամանակ կրկին հանգիստ էր։
Կորոնավիրուսը հասավ Հայաստան. ինչ տվյալներ կան
Մաշտոցի պողոտայում, նախկին Փակ շուկայի տարածքում գործող «Երևան սիթիում» այցելուների պակաս չէր զգացվում, սակայն մենեջերը վստահեցրեց` կիրակիներին միշտ էլ այդպես է լինում։ Տիկին Լյուդմիլան, որը երկու լիքը տոպրակով էր տուն գնում, ասաց, որ սովորական առևտրի է դուրս եկել։ «Ո՛չ վախենում եմ, ո՛չ էլ մտածում վարակի մասին։ Կարծում եմ` մարդիկ էլ չպետք է վախենան։ Միայն դիմակի պակասությունն է խնդիրը, որ գոնե նրանք, ովքեր մտավախություն ունեն վարակվելու, կարողանան դիմակ կրել»,–ասաց տիկին Լյուդմիլան։
Ինչպես է կորոնավիրուսով վարակված քաղաքացու վիճակը. նախարարը տեղեկություն է հաղորդել
Բավական հանգիստ իրավիճակ էր Մաշտոց–Ամիրյան խաչմերուկի «Սաս» սուպերմարկետում։ Այնտեղից լիքը տոպրակներով դուրս եկած քաղաքացիներն էլ վստահեցնում էին` մեկ շաբաթվա առևտուր են արել, ինչպես անում են ամեն կիրակի։
Հիշեցնենք, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում 32 մարդ է մեկուսացված։ Մեկուսացրել են նրանց, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ կամ էլ մոտ են եղել նրան։
Հայերը ծիծաղում են կորոնավիրուսի վրա ու ոտքով հրաժեշտ տալիս միմյանց. զվարճալի տեսանյութ