Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ այցելել է Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ խոնարհել Մարտի 1–ի զոհերի հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մյասնիկյանի արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Փաշինյանի հետ էին նաև կառավարության անդամները։

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Նրանք ծաղիկներ խոնարհեցին Մյասնիկյանի արձանի մոտ։ Այնտեղ էին նաև Մարտի 1–ի զոհերի հարազատները, որոնց հետ զրուցեց Փաշինյանը։

Նշենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ էր պլանավորել, որը, սակայն, չեղարկվել է՝ Հայաստանում այսօր գրանցված կորոնավիրուսի հիվանդացության առաջին դեպքի պատճառով։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Լևոն Տեր Պետրոսյանի կողմնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

«Քաղաքացիական պայմանագիրը» չեղարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։