Իրանից Հայաստան ՀՀ քաղաքացիներ եկել են ու դեռ կգան, սահմանները փակելու կարիք չկա. նախարար

Արսեն Թորոսյանը կարծում է, որ երբ վիրուսը հայտնաբերվում է տարածաշրջանի բոլոր երկրներում, սահմաններ փակելու իմաստ ընդհանրապես չկա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի –Sputnik. ՀՀ քաղաքացիների համար Իրանի հետ Հայաստանի սահմանը չի փակվել, քանի որ նույնիսկ Սահմանադրությամբ նրանց մուտքը չի կարող սահմանափակվել. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում հաստատված կորոնավիրուսով  վարակման առաջին դեպքին ու հնչող մտահոգություններին:

Մեկուսացվել է 32 քաղաքացի. որտե՞ղ են նրանք. նախարարը մանրամասներ է հայտնել

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է գիշերը. վարակվածը 29-ամյա տղամարդ է:

«Իրանի հետ սահմանը փակել ու ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստան սահմանափակել չենք կարող, քանի որ դա արգելվում է ոչ միայն օրենքով, այլ նաև մարդասիրական քայլերից ելնելով: Բացի այդ, երբ վիրուսը հայտնաբերվում է բոլոր շրջակա երկրներում, սահման փակելու իմաստ ընդհանրապես չկա»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերը դրսից են բերվել:

Կորոնավիրուսով վարակված տղայի հետ ՀՀ ժամանած որոշ ուղևորների մեկուսացրել են Ծաղկաձորում

Թորոսյանը հայտնեց, որ մինչ օրս կորոնավիրուսի ախտորոշման 117 թեստ է փորձարկվել, և միայն մեկի դեպքում է պատասխանը դրական եղել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված տղան կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին։ Նա ինքն էր դիմել բժշկի, այժմ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելիս ջերմել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։

Նրա հետ շփված մարդիկ կմեկուսացվեն․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի առաջին դեպքի և երթի մասին

Իրանում ՀՀ դեսպանությունը երեկ հայտնել էր, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացի և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է: