Դիմակների պակասից մինչև հանրաքվեի անցկացում. Փաշինյանն այցելել էր դեղատուն

Մինչ Նիկոլ Փաշինյանը դեղատան աշխատակցից ճշտում էր` դիմակ ունե՞ն, դեղատան դիմաց Փաշինյանի հետ նկարվելու հերթ էր գոյացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է դեղատուն` հասկանալու, թե դիմակի դեֆիցիտ կա՞։ Փաշինյանը Facebook–ի իր էջով ուղիղ հեռարձակել է դեղատուն այցը։

«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ չհաղթահարենք». Փաշինյանը հայտնեց դասերը հետաձգելու մասին

Սակայն մինչ դեղատուն մտնելը մարդիկ Փաշինյանին շրջապատեցին, սելֆի արեցին, իսկ որոշները խոսեցին խնդիրների մասին, օրինակ` Գորիսի ճանապարհների ասֆալտապատման։ Հետո Փաշինյանն այցելեց դեղատուն, որտեղ արդեն 10 օր է` դիմակ ու բժշկական սպիրտ չունեն։

«Մարդկանց մոտ անհարկի խուճապ է»,– Փաշինյանին ասաց դեղատան աշխատակիցը։

Վարչապետը շփվեց նաև դեղատուն այցելողների հետ, որոնք պնդում էին` կորոնավիրուսից չեն վախենում։ Նրանք Փաշինյանի արտահայտությունն էին կրկնում. «Կորոնավիրոսն ո՞ւմ շունն է, որ վախենանք»։

Այդ ընթացքում, սակայն, մարդիկ Փաշինյանին դիմում էին նաև անձնական հարցերով, նաև հանրաքվեի մասին հարց հնչեց։ Դեղատան դիմաց Փաշինյանի հետ նկարվելու հերթ էր գոյացել։ Վարչապետն այլ դեղատուն չայցելեց։

Բուժհաստատությունները դիմակ և արտահագուստ ունեն. Թորոսյանը դիմում է հայ գործարարներին

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է հայտնաբերվել. Վարակվածը Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նա և իր հետ շփված 32 անձինք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարեց` ուսումնական հաստատություններում դասերը մեկ շաբաթով կհետաձգվեն։