Թուրքիան բացել է Եվրոպայի հետ սահմանը սիրիացի փախստականների համար

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան չի պատրաստվում փակել պետական սահմանը Սիրիայի փախստականների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտնել է, որ Թուրքիան բացել է Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները սիրիացի փախստականների համար: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Էրդողանը նշել է` այդ որոշումն են կայացրել, որովհետև Եվրամիությունը դրժել է խոստումը։

Սիրիայում թուրք զինվորականների մահից հետո Էրդողանը զանգել է Պուտինին

«Մենք վաղուց էինք ասում, որ պարտավոր չենք նման թվով փախստականների ընդունել: Դուք մեզ օգնություն էիք խոստացել, բայց ոչինչ չեք անում, և մենք երեկ բացեցինք մեր սահմանները: Արդեն 18 հազար փախստական է անցել, իսկ այսօր գուցե անցնի 25-30 հազարը։ Մենք այլևս մեր դռները չենք փակի, որովհետև ԵՄ-ն պետք է պահի իր խոստումը»,- ասել է Էրդողանը:

ԵՄ երկրների առաջնորդները դեռ 2016-ի գարնանը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիր էին համաձայնեցրել Թուրքիայի հետ։ Ըստ այդ գործարքի` Եվրոպան Թուրքիա էր վերադարձնելու բոլոր միգրանտներին, որոնք Թուրքիայից անցել էին Հունաստան: Փոխարենը Եվրոպան ֆինանսական աջակցություն էր խոստացել։

Մելքոնյան. «ԱՄՆ–ին ներքաշելու ձգտումն ապացուցում է Թուրքիայի քայլերի սադրիչ բնույթը»

Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե սիրիական Իդլիբում բախումները չդադարեն, ապա փախստականների թիվը կավելանա: Նա նշել էր, որ Թուրքիան չի պատրաստվում միայնակ պատասխանատվություն կրել այդ փախստականների համար։ Էրդողանը զգուշացրել էր, որ սիրիացի քաղաքացիների արտագաղթի բացասական հետևանքները իրենց վրա կզգան ոչ միայն Թուրքիայում, և դա այնպիսի խնդիր կդառնա, որը կզգան եվրոպական բոլոր երկրները, առաջին հերթին՝ Հունաստանը։

«Թուրք զինվորականներն այնտեղ չպետք է լինեին». Ռուսաստանի ՊՆ–ն` Իդլիբի միջադեպի մասին