Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն

Ունևոր քաղաքացիները ԱԱՀ են վճարելու կրթության ու առողջապահության ծառայությունների համար։ Բացի այդ, պետք է աճեն թանկարժեք անշարժ գույքի հարկերը։ Հարկային հայտարարագրեր են հանձնելու ոչ միայն պաշտոնյաները, այլև բոլոր քաղաքացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ 2021 թվականից Հայաստանում ԱԱՀ արտոնությունները զգալիորեն կկրճատվեն։

Հիմա Հայաստանում ԱԱՀ-ից ազատված են մի շարք ապրանքատեսակներ ու ծառայություններ (այդ թվում՝ կրթությունն ու առողջապահությունը)։ ԱԱՀ-ից ազատված են նաև սովորական և առցանց խաղատների դրույքները (ճիշտ է՝ եկող տարի խաղատներն անցնելու են շահութահարկի)։

Կրթությունն ու առողջապահությունն այսօր ամբողջովին ազատված են ԱԱՀ-ից։

Ֆինանսների նախարարությունում սա սխալ են համարում։ Հարկից կարելի է ու պետք է ազատել սրտի անհետաձգելի վիրահատությունը։ Բայց դժվար է պատճառաբանել, թե ինչու է պետք հարկից ազատել քիթը կամ շուրթերը «սարքելու» պլաստիկ վիրահատությունը։

«Այդ հարցը քննարկում ենք կրթության ու առողջապահության նախարարությունների հետ։ Գաղափարն այն է, որ հարկերից ազատվեն միայն այն մարդիկ, որոնք իսկապես դրա կարիքն ունեն», - ընդգծեց Պողոսյանը։

ՀՀ ֆինանսների նախարարության հաշվարկով` 2020 թվականին բյուջեում 357 միլիարդ դրամի թերհավաքագրում կլինի ԱԱՀ ազատումների պատճառով։ Դրանից 26 միլիարդը բաժին կընկնի կրթության ոլորտին, գրեթե 50–ը՝ առողջապահության։ Թեև բյուջեն շատ ավելի մեծ գումարներ է կորցնում այլ ոլորտներից։ Օրինակ` ԱԱՀ-ից ազատված են բանկային ու ապահովագրական ծառայությունները (որպեսզի մեր վարկերին ու ԱՊՊԱ-ներին ԱԱՀ չավելանա)։

Դեպի ու՞ր են հոսում փողերը. կապիտալի փախուստի միտումները մտահոգիչ են

Դրա հետևանքով բյուջեն 63 միլիարդ է կորցնում, իսկ խաղատների ազատման պատճառով՝ տարեկան 68 միլիարդ։ Քննարկումների արդյունքում առողջապահության նախարարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը պետք է ներկայացնեն իրենց տեսակետներն այն մասին, թե Հայաստանի հազարավոր ուսանողներից ու հարյուր հազարավոր պացիենտներից ով պետք է ուսման ու բուժման ԱԱՀ վճարի, ով ոչ (և ամենակարևորը՝ ինչու)։ Ֆինանսների նախարարությունն իր հերթին պետք է հաշվարկի՝ ինչպես այդ փոփոխությունները կանդրադառնան բյուջեի վրա։

Կոնկրետ առաջարկներ դեռ չկան, կլինեն առաջիկա ամիսներին, քանի որ արդեն 2021 թվականից ԱԱՀ-ն նոր ձևով ենք վճարելու։

Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա

Մեկ-երկու տարի անց ուժի մեջ է մտնելու նաև գույքահարկի նոր համակարգը։ Ֆինանսների նախարարությունում բազմիցս նշել են, որ անշարժ գույքի, հատկապես թանկարժեք անշարժ գույքի հարկն անհիմն ցածր է։ Ֆինանսների նախարարությունը հարկի հնարավոր նոր դրույքներն ակտիվորեն քննարկում է այլ գերատեսչությունների ու շահագրգիռ կողմերի հետ։

Հարկը հաշվարկվում է պայմանական կադաստրային գներով, որը Կադաստրի պետական կոմիտեն մի քանի ամիս առաջ է վերանայել։ Կենտրոնում և «էլիտար» թաղամասերում գտնվող բնակարանների կադաստրային գները մի քանի անգամ ավելացել են։

Ինչո՞ւ են Վրաստանում «քրքրում» ԵԱՏՄ երկրներ արտահանվող հայկական կոնյակի սպիրտը

Արդյո՞ք նույնքան կավելանան նաև հարկերը, դեռ որոշված չէ, բայց բարձրացումն անխուսափելի է։ Հարցն այն է` ում համար և ինչպես։ Հասկանալի է, որ Ավանում կամ Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող բնակարանի հարկը չի ավելանա կամ շատ քիչ կավելանա։ Ապարանում գտնվող սովորական տան հարկն էլ էապես չի աճի, իսկ Բյուրականում գտնվող եռահարկ ամառանոցի դեպքում աճը զգալի կլինի։

Բայց մի հարց էլ կա։ Բնակարաններից շատերում ապրում են (հուսով եմ՝ դեռ երկար կապրեն) երրորդ-չորրորդ սերնդի հին երևանցիները։ Ու նրանցից շատերը ո՛չ ունևոր են, ո՛չ էլ նույնիսկ միջին խավի ներկայացուցիչ։ Հարկերի ավելացման պատճառով նրանք ստիպված չե՞ն լինի վաճառել իրենց տները։

«Հիմա այդ հարցը քննարկվում է։ Դեռ դժվար է ասել՝ ինչ որոշում կկայացվի», - ավելացրեց փոխնախարարը։

Եվ մի բան էլ։ 2022 թվականից ուզում են համընդհանուր հարկային հայտարարագրերի համակարգ կիրառել։ Այդ դեպքում մեզանից յուրաքանչյուրը պետք է եկամտի հայտարարագիր լրացնի` որքան աշխատավարձ է ստացել, որքան այլ եկամուտ է ունեցել։ Եթե մեկ տարվա մեջ երեք հազար դոլար ենք վաստակել, բայց տասը հազար ծախսել, հարկայինի մոտ կարող են հարցեր առաջանալ։

Սակայն հարկայինին հետաքրքրում ենք ոչ այնքան մենք, որքան խորհրդավոր պողոսպողոսյանները, որոնք երբեմն նշված են որպես խոշոր ընկերությունների սեփականատերեր։ Օրինակ` ժամանակին որպես Սամվել Ալեքսանյանի ձեռնարկություններից մեկի ղեկավար ու սեփականատեր նշված էր ոմն Վիկտոր Մանուկյանը։

Տնտեսական աճը նախատեսվածից շատ չէ. Փաշինյանը ավելի մեծ հույս ուներ