ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik. «Դիմակս փռել եմ չորանա» թևավոր խոսք դարձած արտահայտությունը մարդկանց այլևս չի զվարճացնում։ Հայաստանում խուճապ է, որովհետև կորոնավիրուսն արդեն սողոսկել է սահմանակից բոլոր բարեկամ ու ոչ բարեկամ երկրներ։
Սուր շնչառական հիվանդությունների սրացումը, որը սեզոնային բնույթ է կրում, ավելացնում է մարդկանց վախերը. նրանք չգիտեն` իրականում ինչ վարակի հետ գործ ունեն: Sputnik Արմենիայի թղթակիցը վիրուսների հետևանքով առաջացած իրավիճակը պարզելու համար այցելել է դեղատներ և կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններից մի քանիսի հետ։
Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանի ` փետրվարի 21-27–ն ընկած ժամանակահատվածում Երևանի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ դիմած 3914 քաղաքացիների մոտ սուր շնչառական վարակի առկայություն է հաստատվել։
Sputnik Արմենիային Նուբարաշենի պոլիկլինիկայից հայտնեցին, որ վերջին շաբաթվա ընթացքում վիրուսային վարակով իրենց դիմել է 609 քաղաքացի, և որ այս պահի դրությամբ իրենց դիմած քաղաքացիներից հոսպիտալացվածներ չկան։
Նոր Արեշի պոլիկլինիկայից տեղեկացրին, որ վերջին մեկ շաբաթվա տվյալներով` ունեցել են 1234 վիրուսային վարակի դեպք։ Դիմել են ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ։ Վերջին շաբաթվա ընթացքում բրոնխիտով և թոքաբորբով 1-2 դեպք է հանդիպել։ Հիվանդները հոսպիտալացվել են։
«Թու, թու, թու...» . Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է արել
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև այլ պոլիկլինիկաների հետ, սակայն մի մասը հրաժարվեցին տվյալներ տրամադրել, պարզաբանելով, որ քաղաքապետարանին արդեն իսկ ամեն օր տվյալներ են տրամադրում։ Շատ պոլիկլինիկաներում էլ հեռախոսազանգերին պարզապես չեն պատասխանում։
ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը վստահ է, որ ժողովրդի մեջ խուճապ կա։
«Անցած տարի այս նույն ժամանակահատվածում նույն ախտանշաններով մարդիկ գուցե չդիմեին բժշկի, սակայն կորոնավիրուսի հետ կապված` մարդիկ վախենում են։ Անգամ սկսկել են գրիպի դեմ պատվաստվել։ Բժշկի են դիմում ամեն փռշտոցի դեպքում»,–ասաց Սահակյանը` նշելով, որ պոլիկլինիկաներն այսքան շատ դիմելիություն երբեք չէին ունեցել։
Սահակյանը նշեց, սակայն, որ իրավիճակը վերահսկելի է։
Այն, որ մտահոգվելու առիթ չկա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց նաև բժիշկ,Արտաշատի ԲԿ-ի մոր և մանկան գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանը։
Ադրբեջանում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել․ իշխանությունը փակել է Իրանի հետ սահմանը
«Իմ փորձը ցույց է տալիս, որ այս տարի համեմատաբար ավելի մեղմ է վիրուսային իրավիճակը։ Մարդկանց հոսքը դեպի բուժհաստատություններ իհարկե շատ է, բայց դա բնորոշ է այս սեզոնին, որևէ խուճապի առիթ չեմ տեսնում»,–ասաց Շադյանը։
Մասնագետի պնդմամբ` սեզոնային վիրուսը տևում է միջինը մեկ շաբաթ, երբեմն լինում է հիվանդության 2–րդ, 3–րդ ալիք։
«Հիվանդը 3-4 օր ջերմում է, հետո ջերմությունը 2-3 օր իջնում է, այնուհետև կրկնվում է վիրուսային ալիքը։ Ռենտգեն ենք անում, և եթե չի հայտնաբերվում թոքաբորբ, ապա շարունակում ենք բուժումը առանց շատ դեղորայքի։ 3-4 օր հետո հիվանդն ապաքինվում է»,–նշեց նա։
Բժշկի դիտարկմամբ` հիվանդների կողմից պաշտպանիչ դիմակների օգտագործումը կարևոր է։ Արդեն 3 ամիս է` իրենց դռան վրա գրված է «Հիվանդների մուտքը` միայն դիմակներով»։
Բժշկի խոսքով` քանի դեռ Հայաստանում կորոնավիրուս չկա, առողջ մարդկանց դիմակ կրելու անհրաժեշտությունը նույնպես չկա։ Այլ բան է, եթե հստակ օջախ լինի։
Շադյանը շեշտում է, որ ըստ վիճակագրության` բոլոր երկրներում էլ գրիպից մահացության որոշակի դեպքեր լինում են։ Ուղղակի կորոնավիրուսը նոր է, երևի դրա համար են մարդիկ ահաբեկված։
Նշենք, որ Sputnik Արմենիան եղել է Երևանում և մարզերում գործող ավելի քան 20 դեղատներում։ Աշխատակիցները միաբերան հայտարարում են, որ դիմակ չկա. մեկ ամիս է` վաճառքում չունեն։
Դեղատների ցանցերից մեկում ի վերջո հաջողվեց պաշտպանիչ դիմակ գտնել, բայց աշխատակիցը հայտարարեց, որ դիմակն այնքան էլ որակյալ չէ և արժե 250 դրամ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել նաև մեր տարածաշրջանում` Իրանում, Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում։
Իրանում կորոնավիրուսից ֆուտբոլիստ է մահացել. երիտասարդ աղջկան չեն կարողացել փրկել