Վրաստանի հետ սահմանը փակելու հարցն այս պահին չի քննարկվում. Արմեն Գրիգորյան

Հայաստանը մշտական կապի մեջ է հարևան երկրների առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ, և վարակի տարածման վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Վրաստանի հետ սահմանը փակելու հարցն այս պահին չի քննարկվում: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքներին։

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կապի մեջ է հարևան երկրների առողջապահության պատասխանատու մարմինների հետ։ Այսինքն` մշտական կապի մեջ ենք բոլորի հետ, և վարակի տարածման վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացնենք»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` մինչ այս կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար բոլոր ձեռնարկված աշխատանքներն արդյունավետ են եղել, դատելով այն բանից, որ մինչ այս պահը հաջողվել է կանխել դրա մուտքը ՀՀ։

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 46%–ն ապաքինվել են. նոր տվյալներ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. նոր տվյալներ

Հիշեցնենք, որ փետրվարի 23–ին որոշում կայացվեց հայ–իրանական սահմանը երկու շաբաթով փակել` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտնում է, որ նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվածների մոտ 46%–ը Չինաստանում ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։ Վերջին տվյալների համաձայն` վարակվածների թիվը Չինաստանում 78 824–ի է հասել, նրանցից 36 117  (45,8%) մարդ ապաքինվել են։ Այս պահին 39 919 մարդ դեռ հիվանդանոցում են։

Հիվանդությունը Չինաստանում ընդհանուր առմամբ 2788 մարդու կյանք է խլել։

Նշենք նաև, որ վարակը վաղուց արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու տարածվել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` մեր հարևան Իրանում ու Վրաստանում։

ԱԳՆ-ն կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել