Սարգսյանն ու Փաշինյանը ցավակցական ուղերձներ են հղել Սամվել Կարապետյանի ընտանիքին

Հայաստանի նախագահն ու վարչապետը խոր ցավով են տեղեկացել Սամվել Կարապետյանի մահվան մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ընտանիքին, մերձավորներին ու գործընկերներին։ Նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է հեռագրի տեքստը։

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

«Խոր ցավով տեղեկացա անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին։ Աշխարհով մեկ սփռված մեր կանգուն, կիսավեր և խոնարհված պատմամշակութային ժառանգությունը Սամվել Կարապետյանի ջանքերով հայի և հայության ներկայության մասին բազմալեզու խոսուն վկայագիր է դարձել։ Նրա արժեքավոր ուսումնասիրությունները հայոց աշխարհի հիշատակարաններ են, դասագիրք՝ այսօրվա և վաղվա համար»,– նշել է Սարգսյանը։

Ցավակցական ուղերձ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։

«Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին: Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետևողական աշխատանքը Թուրքիայում և Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ: Խորին ցավակցություն եմ հայտնում Սամվել Կարապետյանի հարազատներին և գործընկերներին ու կիսում նրանց վիշտը»,– նշված է վարչապետի ուղերձում:

Հիշեցնենք, որ հուշարձանագետը մահացել է երեկ` փետրվարի 27-ին։