ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կարծում է, որ որոշ իրավապաշտպաններ հրճվում են բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպքով։ Բալայանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո։
«Կան որոշ «իրավապաշտպաններ», որոնք քայքայիչ գործունեություն են իրականացնում։ Պետք է նման «իրավապաշտպաններին» հարցնել` ինչո՞ւ եք այդքան հրճվում, երբ նման դեպք է լինում։ Ես ենթադրում եմ, որ նրանք ամեն դեպքի համար փող են ստանում»,–ասաց փոխնախարարը։
Բալայանը նշեց` իրավապաշտպանները փորձում են զոհվածների հարազատներին հրահրել որոշակի գործողությունների։ Շուտով, սակայն, իրավապահները կսկսեն զբաղվել նրանցով։
Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19–ին ստորագրեց Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։
2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:
Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի