ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik.Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ` «Մարտի 1»-ի քրեական գործով արդարադատության իրականացումը խոչընդոտելու նպատակով։
«Կազմակերպված խմբի առջև դրված վերը նշված նպատակին հասնելու համար Արմեն Թավադյանի, Վարուժան Մկրտչյանի և խմբի այլ անդամների միջև նախապես ծրագրվել, փոխադարձ համաձայնեցվել է խմբի յուրաքանչյուր անդամի դերաբաշխումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՀՔԾ–ի` նրանք 2019 թվականի սեպտեմբերին Թավադյանի աշխատասենյակ են հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու համար։
Այս փաստերի հիման վրա Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Գործի նախաքննությունն ավարտվել է։ Այն դատարան ուղարկելու համար տրվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին` գործի նյութերին ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
Արմեն Թավադյանի նկատմամբ քրեական գործը քաղաքական հաշվեհարդար է հիշեցնում. «5–րդ ալիք»