Ըստ Կենտրոնական բանկի տվյալների` 2019թ-ին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների միջոցով երկրից, ընդհանուր առմամբ, դուրս է բերվել 1 միլիարդ 454 միլիոն դոլար։ Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է: Արդյունքում ֆինանսական միջոցների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի դրական տարբերությունը) նախորդ տարվա ընթացքում կազմել է 504 միլիոն դոլար՝ 2018 թվականի` 597 միլիոն դոլարի դիմաց։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նախորդ տարվա ընթացքում կապիտալի փախուստի լրջագույն միտումներ են սկսվել, որոնց բացատրությունն առաջին հերթին կապված է հետհեղափոխական իրողություններով և կառավարության հակակոռուպցիոն և հակաստվերային գործողություններով։ Բնականաբար, կապիտալի սեփականատերերի մի մասը, որոնք խնդիր ունեն իրենց գումարների և ունեցվածքի ծագման օրինականության հետ, հատկապես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման և ընդունման ֆոնին, ակնհայտորեն աճապարել են թաքցնել իրենց կապիտալի այն մասը, որն առավելագույնս իրացվելի վիճակում է (հատկապես կանխիկ փողի տեսքով), դուրս բերել երկրից ու իրենց կարծիքով տեղաբաշխել այն երկրներում, որոնք համեմատաբար անվտանգ են ու անհասանելի։ Ճիշտ է` հիշյալ օրենքն առայժմ ՀՀ նախագահը չի ստորագրել ու այժմ Սահմանադրական դատարանում ուսումնասիրվում է դրա օրինականությունը, այդուհանդերձ, հետևանքների տեսակետից փողատերերի արձագանքներն ավելի քան խոսուն են։
Նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է վճարել պետբյուջե. «Ժողովուրդ»
Մասնավոր դրամական փոխանցումների աշխարհագրության առումով հասցեատեր երկրները նույնն են՝ Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն։ Կարելի է նկատել, որ վերջին երեք տարիներին ՌԴ-ից դեպի Հայաստան կատարված մասնավոր դրամական փոխանցումների ծավալները գրեթե չեն փոխվել։ Դրանք տատանվում են 1 միլիարդ դոլարի սահմաններում. 2019թ-ին ՌԴ-ից մասնավոր փոխանցումները կազմել են 1 միլիարդ 55 միլիոն դոլար, 2018թ-ին՝ 1 միլիարդ 49 միլիոն, 2017-ին՝ 1 միլիարդ 64 միլիոն դոլար։ Մյուս կողմից` եթե 2018թ-ին 2017թ-ի համեմատ Հայաստանից դեպի Ռուսաստան ֆինանսական միջոցների արտահոսքը աճել էր՝ 376 միլիոնից հասնելով 471 միլիոն դոլարի, ապա 2019 թ-ին` նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 45 միլիոն դոլարով՝ կազմելով 425 միլիոն դոլար։ 2019թ-ի նախորդ տարիների համեմատ շոշափելի ծավալներ է ընդունել ՀՀ-ից դեպի ԱՄՆ ֆինանսական միջոցների արտահոսքը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ից դեպի ԱՄՆ գումարի արտահոսքը հասել է իր պատմական առավելագույն մակարդակին՝ կազմելով 275 միլիոն դոլար։ 2018թ-ից դեպի ԱՄՆ ՀՀ-ից փոխանցվել է 191 միլիոն, իսկ 2017-ին՝ 193 միլիոն դոլար։
Իհարկե, պաշտոնական վիճակագրությունը չի առանձնացնում բանկային համակարգով կատարված փոխանցումների նպատակայնությունն առ այն, թե կատարված փոխանցումները զուտ անձնական սպառմա՞ն, կուտակմա՞ն, թե՞ ներդրման նպատակով են արվել։ Այսպես թե այնպես, կարելի է ենթադրել, որ դեպի արտերկիր կատարած փոխանցումները որոշակի բիզնես ներդրումներ են այլ երկրների տնտեսության մեջ, կամ պարզապես օֆշորային գոտիների բանկային համակարգերում ի պահ տված գումարներ։ Նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է արտերկրում նախկին մեծ ու փոքր պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց բիզնես ակտիվությունը, որը ֆիքսելու համար բավականաչափ լուրջ ջանքեր ու ռեսուրսներ են անհրաժեշտ։
2019 թ–ի տնտեսական կյանքը` թվերով
Բացի բանկային համակարգի միջոցով կապիտալի արտահոսքի վերը նշված փոխանցումային սխեմաներից, գոյություն ունեն նաև կապիտալի արտահոսքի քողարկված ու, ըստ էության, անօրինական սխեմաներ։ Խոսքը վերաբերում է հատկապես տրանսֆերային գնագոյացման մեխանիզմներով օֆշորային սխեմաներով ապրանքների և ծառայությունների արտահանմանը, որոնց դիմաց միջանկյալ ու միջնորդավորված վճարումները պարզապես քողարկում են իրական եկամուտները։ Դա վերաբերում է հատկապես մետաղական հանքարդյունաբերությանը, բնական մենաշնորհային ոլորտների, բջջային կապի ու թվային ծառայությունների հետ կապված վճարումների համակարգերին։ Փաստն այն է, որ էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցող ընկերություններից շատերը գրանցված են օֆշորային ընկերություններում և դրա նպատակը, ըստ երևույթին, իրենց հաճախորդ ընկերությունների շահույթների մի մասը ՀՀ հարկային ու վերահսկող մարմինների տեսադաշտից հեռու պահելն է։
Ըստ Global Financial Integrity (GFI) 2019թ. Հաշվետվության, 2015թ-ի դրությամբ, ՀՀ-ից ապրանքների արտահանման և ներմուծման ընթացքում կատարվող մաքսային ձևակերպումների աղավաղման և տրանսֆերային գնագոյացման ստվերային սխեմաների միջոցով ՀՀ պետական բյուջեի վճարումներից խույս է տվել 983 միլիոն դոլարի շրջանառություն։ Եթե հաշվի առնենք, որ վերջին 5 տարիներին երկրի արտաքին առևտրի շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է, ապա կարելի է եզրակացնել, որ ստվերային և զարտուղի սխեմաներով այս ընթացքում անօրինական ճանապարհներով շատ ավելի մեծ ծավալի միջոցներ են շրջանցել պետական գանձարանը։