Վարդան Տողանյանը ՌԴ գլխավոր դատախազություն է դիմել «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածի համար

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը նշել է, որ թերթից հերքում չեն պահանջելու, քանի որ այն, ինչ կար թերթում, սրբապղծություն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն` ազգային ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման փաստերի ստուգման պահանջով:

«Մենք «Նեզավիսիմայա գազետայից» հերքում չենք պահանջի, քանի որ այն, ինչ կար թերթում, համարում ենք սրբապղծություն, վայրի և քրեորեն պատժելի: Մենք կարծում ենք, որ առաջին հերթին պատասխանատվություն է կրում թերթը, որը համարվում է լիցենզավորված ընկերություն: Այն ունի ԶԼՄ-ի արտոնագիր և փաստացի, մեր իրավաբանների կարծիքով, այնտեղ ԶԼՄ-ի մասին օրենքի ակնհայտ խախտում կա: Այդ հրապարակման մեջ քրեական հոդվածների մի մեծ փունջ կա, ինչի հետ կապված ես դիմել եմ գլխավոր դատախազություն»,-նշել է դեսպանը:

Տողանյանը նաև կասկածի տակ է դրել այն փաստաթղթերը, որոնց մասին հիշատակել է հոդվածի հեղինակը՝ Լև Ասկերովը:

Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

«Ես չգիտեմ, թե ինչ արխիվային նյութերի մասին է խոսքը: Հատուկ ծառայությունների մոտ երևի կան տարբեր նյութեր: Թե որքանով են դրանք լուրջ, որքանով է 5 կոպեկի հասարակ մատնություն, դժվար է ասել: Մենք գիտենք, թե ինչպես է հիմա խեղաթյուրվում պատմությունը և ոչ միայն 20-րդ դարի: Եվ մենք հասկանում ենք, որ այն, ինչ հարմար է, կարելի է գտնել արխիվներում, և այս կամ այն նյութերն առանձին գործերում, կարելի է վերցնել և օգտագործել»,-ավելացրել է դեսպանը։

Տողանյանը նաև տեղեկացրել է, որ դիմել է ոչ միայն Ռուսաստանի դատախազությանն, այլև Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայություն («Ռոսկոմնադզոր»): Նա ընդգծել է, որ լրատվամիջոցն ինչ-որ մասով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար:

Բաքվում առաջ են մղում դեպքերի ամենաանհեթեթ վարկածը. փորձագետը` Սումգայիթի ջարդերի մասին

«Ելնելով պատասխանատվությունից՝ պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը սովորական զրպարտության, միմյանց նկատմամբ ատելության հրահրման մասին է, այդ պատճառով ես դիմել եմ դատախազություն։ Եվ ոչ միայն ես, այլև հայկական մի շարք ՀԿ–ներ»,-նշել է դեսպանը:

Ավելի վաղ Ռուսաստանի հայերի միությունը դիմել էր «Նեզավիսիմայա գազետային»՝ պահանջելով, որ հերքեն «Սումգայիթյան ողբերգություն: Ինչպե՞ս սկսվեց և ինչպես եղավ» հոդվածում ներկայացված տեղեկությունները։

Ուլուբաբյան. «Այն, ինչ կատարվեց Սումգայիթում, առանց Գորբաչովի իմացության չի եղել»

Լև Ասկերովի հեղինակած նյութում ասվում է, որ 1988թ–ի իրադարձությունների հրահրողները Բաքվի և Ստեփանակերտի եկեղեցիների հոգևորականներն էին, որոնք «քարոզիչ-զինյալներ» էին պատրաստում: