Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել

Ըստ վիճակագրության՝ տարեցները և երեխաներն առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել:

«Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն:

Նշվում է, որ կարանտինը կշարունակվի երկու շաբաթ:

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ չնայած Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունացման միտում ունի, սակայն Երևանի մանկական հիվանդանոցները դեռևս գերծանրաբեռնված են աշխատում։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը: