ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ գործարարներից մեկի հետ քննարկվել է Հայաստանում բժշկական դիմակների արտադրություն ունենալու հարցը։
«150 000–ից ավել դիմակներ ունենք պահեստավորված, շուտով գնումներ էլ կանենք, չնայած դիմակների գները բարձրացել են։ Մենք նաև հնարավորություն ունենք տեղում արտադրելու դիմակներ, և այդ հարցը քննարկվել է»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ ազդեցություն չունեն կորոնավիրուսով վարակման վրա, հատկապես բաց տարածություններում դրանք կրելը որևէ իմաստ չունի։ Թորոսյանը հայտնեց, որ դիմակ պետք է կրի այն մարդը, որը պոտենցիալ վարակակիր է, որպեսզի վիրուսը շրջապատ չմտնի։
Խոսելով երեկ Իրանից ՀՀ ժամանած ՀՀ 52 քաղաքացիների մասին` Թորոսյանը հայտնեց, որ նրանք այժմ տնային հսկողության տակ են։
Կորոնավիրուսի ստուգման նպատակով Հայաստանում 1 ամսում 37 մարդ է հոսպիտալացվել
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը մեկ օր առաջ է ժամանել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, և նա այլ մարդկանց հետ շփում չի ունեցել։
37 երկրներում արդեն իսկ տարածվել է կորոնավիրուսը, և 81 109 մարդու վարակման դեպք է գրանցվել, որից 2718–ը` մահվան ելքով։
Կորոնավիրուսի պատճառով ՊՆ–ն արգելել է զորամասերում այցելություններն ու արձակուրդները