ՁԻԱՀ–ի կենտրոնի տնօրենն ազատվել է, փոխտնօրենը` տարվել ոստիկանություն. նախարարն ասաց` ինչու

Մեկը հրաժարվել է կատարել նախարարի հրամանը և չի տվել փաստաթղթերը, մյուսը պահել է կնիքը։ Նախարարն ասաց, որ 2004թ.–ին ինքն էլ է աշխատել ՁԻԱՀ–ի կենտրոնում, հետևաբար շատ լավ պատկերացնում է այդ համակարգը ներսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի ու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման պրոցեսները, որոնք սկսվել են, պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ՀՀ–ում բժշկական դիմակներ արտադրելու հարցը քննարկվել է գործարարի հետ. Թորոսյան

«Որևէ գործող համակարգ չի փակվում, այլ տեղի է ունենում համակարգի տրանսֆորմացիա ավելի մեծ համակարգ ու ավելի որակյալ ծառայություն մատուցելու համար»,– ասաց նա։

Նախարարը կոչ արեց մանիպուլյացիաների չտրվել ու հավելեց, որ 2004թ.–ին ինքն էլ է աշխատել ՁԻԱՀ–ի կենտրոնում, հետևաբար, շատ լավ պատկերացնում է այդ համակարգը ներսից։

«Գիտեմ նաև այդ համակարգի անձանց կուլիսային շահերը»,– ասաց Թորոսյանը` առանց փակագծերը բացելու։

ՁԻԱՀ–ի կենտրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվը նրան չի ընդունում

Ինչ վերաբերում է տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից հեռացնելու ու նոր պաշտոնակատար նշանակելու մասին իր վերջին հրամանին, Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է եղել նրանով, որ Գրիգորյանը բազմիցս հրաժարվել է կատարել իր պահանջները։ Մասնավորապես, հրաժարվել է տրամադրել երկու բուժհիմնարկները միավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Իսկ կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին երեկ ուշ երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվելու պատճառների մասին խոսելով` Արսեն Թորոսյանն ասաց, որ նա ևս հրաժարվել է ենթարկվել նախարարի հրամաններին։

«Կնիքը չի տրվել։ Չի կարող որևէ պետական հիմնարկի կնիք առգրավվել ու չտրվել օրինական ներկայացուցիչներին»,– ասաց Թորոսյանը։

Նշենք, որ փետրվարի 26–ի ուշ երեկոյան ոստիկանությունից դուրս գալուց հետո Հակոբյանը լրագրողներին ասել էր. «Ոստիկանությունում ինձ ասացին, որ զբաղվել եմ ինքնիրավչությամբ»։

ՁԻԱՀ–ի կենտրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվը նրան չի ընդունում

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է։ Նրա փոխարեն այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Արթուր Բերբերյանը: 

Նա, նախարարի հրամանի համաձայն, պետք է զբաղվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու մասին կառավարության որոշման պահանջների կատարմամբ:

ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակազմը, սակայն, ո՛չ նոր ղեկավարին, ո՛չ էլ նախարարի որոշումը չի ընդունում` պնդելով, որ այդ որոշումներն ընդունելուց առաջ մասնագետների հետ չեն քննարկել։ Իսկ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միավորելը կխաթարի այն ամենը, ինչ ստեղծվել է տարիների աշխատանքով։

Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2020թ–ի հունվարի 30-ին։

Թե իրականում ինչ փոփոխություններ են սպասվում երկու բուժհիմնարկների կյանքում, պարզ կլինի միայն 2 ամսից, քանի որ միավորման գործընթացը պաշտոնապես կգրանցվի միայն մարտի 30-ից հետո։

Ստեղծվող նոր ընկերությունում կձևավորվի նոր գործադիր մարմին, վերստուգող հանձնաժողով, կմշակվի նոր կանոնադրություն։

Պետությունը նորաստեղծ ընկերությունը կգրանցի եռամսյա ժամկետում։

Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի