ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր ԱԺ–ում հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով լսումների ժամանակ ասաց, որ տուգանային միավորն ավելի խիստ պատասխանատվության միջոց է, քան տուգանքը։
Ըստ նրա` այս առումով ճանապարհային երթևեկության օրենսդրությունը խստացվել է, բայց դրական արդյունքի չի հանգեցրել։
Որպես օրինակ Զոհրաբյանը հիշեց 2012թ–ը, երբ Հայաստանում ներդրվեցին տեսանկարահանման համակարգերը, որոնցով ևս փորձ էր արվում կանխել պատահարների թվի ավելացումը։ Բայց պաշտոնական վիճակագրությունը պատահարների ավելացում արձանագրեց։ Այսպես` եթե մինչ տեսախցիկների տեղադրումը 2011թ–ին գրանցվել էր 2319 ՃՏՊ և 327 զոհ, ապա 2012թ–ին գրանցվեց 4111 պատահար և 343 զոհ։
«Փաստը մնում է փաստ, որ խնդիրը չի լուծվել խստացման ճանապարհով։ Ավելին` տուգանային միավորի համակարգի ներդրումն էլ վկայում է, որ պետությունը կրկին միջոցներ է փնտրում խնդիրը լուծելու համար»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը մանրամասն հայտնեց, թե 311 վարորդներն ինչու են զրկվել վարորդական իրավունքից
Բալային համակարգը ներդնելով, ըստ Զոհրաբյանի, կառավարությունը հիմնավորման մեջ նշել է, որ ուսումնասիրվել է 21 եվրոպական երկրների փորձ։ Բայց փաստաբանների պալատի նախագահի համոզմամբ` միայն եվրոպական փորձը կրկնօրինակելը բավարար չէ։
«Եթե եվրոպական երկրների հետ համեմատում ենք, ապա պետք է նաև եվրոպական երկրների մյուս բաղադրիչների հետ էլ համեմատենք, օրինակ` ինժեներական կառույցների, ճանապարհների որակի, պետական համակարգերի նկատմամբ վստահության, ոստիկանի վարձատրության ու պրոֆեսիոնալիզմի հետ։ Մենք չենք կարող եվրոպական երկրներից վերցնել միայն մուրճը, մնացածը թողնենք իրենց։ Եթե միայն մուրճն ենք վերցնում, հետևանքը լինում է կոտրված ապակին»,– ասաց Զոհրաբյանը։
Նշենք` մինչ այդ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ բալային համակարգի ներդրումից հետո Հայաստանում պատահարների վիճակագրությունը չի նվազել և նույնիսկ ավելացել է։
«Այսօրվա վիճակով հանրապետությունում 2019-ի համեմատ 34 ճանապարհատրանսպորտային պատահար ավելի է, մահվան դեպքերի թիվը պակաս է 3-ով և 59-ով շատ է վնասվածքներ ստացածների թիվը»,- ասել էր նա։
Փոխարենը, ըստ Կարապետյանի, որոշակի դրական դինամիկա կա Երևանում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37-ով պակաս վթար է գրանցվել, 2-ով պակաս մահվան և 68-ով պակաս վնասվածքներ ստանալու դեպքեր։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։
Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` սեպտեմբերի 1-ից։
Տուգանային միավորների նոր համակարգի ներդրմամբ` հունվարի 1-ից մի շարք խախտումների համար նախատեսված դրամական տուգանքների չափերը նվազեցվել են։