Արտակ Բեգլարյանի խոսքով` Արցախի համապետական ընտրությունների քարոզարշավի շրջանակում իր թիմը կատարելու է համապատասխան դիտարկման աշխատանքներ` ուշադրություն դարձնելով ընտրական և հարակից իրավունքների իրացման հարցերին, հնարավոր խնդիրներին, և եթե իրենց լիազորությունների շրջանակում անհրաժեշտություն լինի, ապա արձագանքելու են զանգերին, որպեսզի օգնեն Արցախի քաղաքացիներին, քաղաքական ուժերին պատշաճ կերպով իրացնել իրենց իրավունքները։
«Առայսօր եղել են որոշակի խնդիրներ`ընտրական իրավունքի հետ կապված, բայց քաղաքացիներին օգնել ենք, օրինակ, ոստիկանությունից տեղեկանք ստանալու հարցում։ Այլ խնդիրների առթիվ դեռ բողոքներ չկան»,– ասաց նա։
Այդուհանդերձ, Բեգլարյանը որոշակի լարվածություն տեսնում է տեղեկատվական դաշտում, հատկապես սոցիալական ցանցերում հանդիպում է ատելության խոսք, ինչն անընդունելի է։ Այս գործընթացում, ըստ նրա, ամեն ինչ պետք է լինի մարդու իրավունքների մշակույթի շրջանակում, և փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը պետք է տիրեն ողջ նախընտրական գործընթացում, այդ թվում` ընտրությունների օրը։
Հակոբյան. «Արցախում պայքարը կծավալվի հիմնականում չորս թեկնածուների միջև»
«Ատելության խոսք հնչում է ինչպես օգտատերերի շրջանում, այնպես էլ քաղաքական գործիչների միջև, բայց ավելի շատ դա արտահայտվում է թաքնված կերպով, հիմնականում կեղծ օգտատերերի միջոցով, բայց երբեմն էլ առկա է քաղաքական մրցակցության տրամաբանության շրջանակում, ինչն անհանգստացնող երևույթ է։ Հանդուրժողականության սկզբունքը պետք է պահպանվի, իսկ մրցակցությունը վարվի քաղաքակիրթ ձևով»,– նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա ափսոսանքով ընդգծեց, որ քարոզարշավի ամբողջ գործընթացը վերահսկելու համար գրասենյակը բավարար ռեսուրսներ ու կարողություններ չունի, հետևաբար ակնկալում է քաղաքացիների ու քաղաքական ուժերի համագործակցությունը` եթե պետության կողմից կատարվող իրավախախտումների կամ պետության անգործության հետևանքով կատարվող իրավախախտումների առնչությամբ որևէ էական խնդիր նկատեն, ապա պատշաճ կերպով ահազանգեն` հրավիրելով օմբուդսմանի և նրա գրասենյակի ուշադրությունը։
Բաբայան. «Այնպես ենք անելու, որ ցանկացած ընտրությունից Արցախի հասարակությունը շահի»