ԱԳՆ-ն կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել

ԱԳՆ-ն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա այցելություններից։ 

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի»,–նշված է ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ:

Այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում ԱԳՆ-ն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ։

ՀՀ–ում բժշկական դիմակներ արտադրելու հարցը քննարկվել է գործարարի հետ. Թորոսյան

Նշենք, որ փետրվարի 26–ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երեկ է ժամանել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, և նա այլ մարդկանց հետ շփում չի ունեցել։

Ճապոնիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7-ի։ Անցած մեկ օրում Ճապոնիայում կորոնավիրուսով հիվանդանալու 15 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 891 - ի, որոնցից 705-ը Diamond Princess–ի ուղևորներն ու նավի անձնակազմի անդամներն են:

Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ. Թորոսյանը` Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի մասին

Իսկ Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 334 նոր դեպք։ Երկրում վարակվածների թիվը հասել է 1 595-ի: Կորոնավիրուսից մահացել է 12 մարդ, ապաքինվել են 24–ը։