ԵՐԵՎԱՆ, 27 Փետրվար — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վրաստանի իր գործընկերոջ` Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ասուլիսի ժամանակ նշեց, որ Երևանն ու Թբիլիսին հաստատել են պաշտպանության ոլորտում 2020 թվականի համագործակցության ծրագիրը։
Տոնոյանը հայտնեց, որ Ղարիբաշվիլիի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին պաշտպանության ոլորտում 2020 թվականի համագործակցության ծրագիրը։
«Ողջույն ձեզ». վրացի նախարար Իզորիան խոսել է հայերեն. տեսանյութ
«Այն ներառում է միջոցառումներ ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության. խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտներում։ Բացի այդ, համաձայնության ենք եկել մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ, որոնք դեռ ներառված չեն երկկողմ ծրագրում»,–ասաց Տոնոյանը։
Նշենք, որ Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է նաև 2014 թ–ին, երբ դեռ Վրաստանի վարչապետն էր ( նա պաշտոնավարել է 2013-2015 թվականներին)։ Ինչ վերաբերում է Վրաստանի պաշտպանության նախարարի մակարդակով այցերին` այդպիսին տեղի է ունեցել 2019թ–ի փետրվարին. Երևան է այցելել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Լևան Իզորիան։