ՀՀ ոստիկանապետը գործընկերուհուն ապօրինի բնակարան է հատկացրել. տեսանյութ

Պարզվել է, որ ընդամենը 6 օր ծառայության անցած աշխատակցուհուն բնակարանը հատկացվել է մի շարք չարաշահումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. 2017 թ․ մարտի 30-ին 10․000․000 դրամով Երևան քաղաքում գնվել է տուն, որը սակայն 2017 թ․ մայիսի 11-ի որոշմամբ, որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ ոստիկանությանը: 2017 թ․ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետի հրամանով, հիշյալ տունը սեփականության իրավունքով հատկացվել է ընդամենը 6 օր ոստիկանության զորքերում ծառայության անցած աշխատակցուհուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Խոշոր չարաշահումներ Լոռու մարզում. թիրախում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք են

Նշենք, որ 2011-2018թթ. ՀՀ ոստիկանապետի պաշտոնում աշխատել է Վովա Գասպարյանը։

Պարզվել է` անշարժ գույքի ձեռքբերման և նվիրատվության ընթացքում կատարվել են մի շարք չարաշահումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել ՀՀ կառավարության 24․07․2008 թ․ թիվ 805-Ն որոշմամբ սահմանված՝ զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարաններ տրամադրելու առաջնահերթություններից երկարամյա /5 կամ 10 տարվա/ ծառայության ստաժի պահանջը, այն պայմաններում, երբ ոստիկանության կրթահամալիրում նույն ժամանակահատվածում ծառայել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող մի շարք երկարամյա ծառայողներ: Չեն իրականացվել ՀՀ կառավարության 07․03․2007 թ․ թիվ 384-Ն որոշմամբ սահմանված ուսումնասիրությունները՝ ծառայողի սոցիալական վիճակը՝ բնակարանային պայմանները պարզելու և կարիքները գնահատելու համար և չեն պահանջվել որոշմամբ սահմանված փաստաթղթերը:


Բացի այդ, պարզվել է, որ նշված ծառայողը, 2017 թ․ հունիսի 16-ից 2018 թ․ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի շտաբի նվագախմբի երաժշտի պաշտոնը և այդ պաշտոնի համար վարձատրվելով, երբևէ չի ներկայացել ոստիկանության զորքերում ծառայության, սակայն վարձատրվել է։

Ոստիկանության նախկին պաշտոնյան 46 միլիոն դրամից ավելի գումար է «ստացել». տեսանյութ

Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ երկու դեպքում էլ պաշտոնատար անձանց դրսևորած գործողություններում առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։