Կորոնավիրուսը հասավ Վրաստան. մեր հարևան երկրում վարակի առաջին դեպքն է հաստատվել

Վրաստանում մի քանի տասնյակ մարդիկ կարանտինի մեջ են` բժշկական հատուկ վերահսկողության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Ըստ Sputnik Գրուզիայի` այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։

Կորոնավիրուսի պատճառով ՊՆ–ն արգելել է զորամասերում այցելություններն ու արձակուրդները

Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երեկ է ժամանել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, և նա այլ մարդկանց հետ շփում չի ունեցել։

«Այն մարդը, որի մոտ հաստատվել է վարակը, այսօրվա դրությամբ կլինիկապես գրեթե առողջ է, վիրուսի շրջանառություն կա։ Ընդհանուր առմամբ այս հիվանդության դեպքերի 82%–ը թեթև է ընթանում», – ասել է Վրաստանի հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Իրանից եկած բեռնատարները ՀՀ տարածքում կերթևեկեն մասնագետների և ոստիկանների ուղեկցությամբ

Այս պահին Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բարձր ջերմությամբ 14 հիվանդ կա, որոնցից 11-ը Վրաստանի քաղաքացիներ են։ Նրանց թվում նաև Չինաստանի և Իրանի 1-ական քաղաքացի կա։

Բացի այդ, փետրվարի 21-ից Իմերեթի շրջանի Սաչխերե գյուղի հիվանդանոցային համալիրում կարանտինի մեջ են գտնվում Չինաստանից ժամանած 34 մարդ (բոլորը` Վրաստանի քաղաքացի)։

Կորոնավիրուսի ստուգման նպատակով Հայաստանում 1 ամսում 37 մարդ է հոսպիտալացվել

Նոր տեսակի թոքաբորբի բռնկման պատճառով Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է Չինաստանից և Իրանից իրականացվող թռիչքները։ Արգելվել է կենդանիների ներկրումը ՉԺՀ–ից։ Օդանավակայաններում և Վրաստանի պետական սահմանով անցնող անցակետերում մասնագետները ստուգում են բոլոր ճանապարհորդներին։ Առողջապահության նախարարությունը նաև տեղեկատվական արշավ է անցկացնում բնակչության շրջանում։

Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

Փետրվարի 26-ի դրությամբ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը 81 184 է, մահացել է 2769 մարդ, առողջացել ավելի քան 30 հազարը։

ԱՀԿ–ի վերջին տվյալներով` ՉՀԺ–ի սահմաններից դուրս վարակի դեպքեր են գրանցվել 34 երկրում։

Իրանից Հայաստան, այնուհետև Վրաստան. կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը «գալ» բեռնատարով