Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին

«Այո»–ի` արդեն իսկ հայտնի դարձած նկարը «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 23-ի համարի շապիկի նկարն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. 1991–ի Անկախության հանրաքվեի «Այո»–ի` արդեն իսկ հայտնի նկարի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Ստյոպա Նարոյանն է (նկարը հրապարակվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում)։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց 1991թ.–ին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը։

Գերածախս չի լինի. Պապիկյանն ասաց` ինչքան գումար է հավաքվել «Այո»–ի դրամահավաք-երեկոյին

Նշենք, որ երեկ ներկայացվեց սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, որը, պարզվեց, նոր չէ։ «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Facebook սոցցանցի իր էջում 90-ականների մամուլից մի լուսանկար էր հրապարակել, որը 1991-ի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը։

«Լայֆհաք». ինչպես ստեղծել 3 միլիոն դրամանոց «Այո՛» տարբերանշան

«Այդ տարիներին երկու հոգի էին մեզ հետ աշխատում` Նարոյան Ստյոպան և Ցոլակ Ղանդիլյանը։ Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է` հայտնի նկարիչ է։ Իմ հիշելով` հենց Նարոյանն է հեղինակը»,–ասաց Ենգիբարյանը։

Նա հայտնեց նաև, որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։ «Այո»–ի նկարը թերթի սեպտեմբերի 23-ի համարի նկարն է։

Ցոլակ Ղանդիլյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը չէ նկարի հեղինակը։ Այսինքն` ստացվում է, որ Նարոյանն է հեղինակը։

Հիշեցնենք, որ «Այո»–ի այս տարբերանշանի համար նախատեսվել էր 3 մլն դրամ։ «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր` եթե ապացուցվեց, որ կրկնօրինակն է, ՔՊ-ն հայտարարությամբ հանդես կգա։

Ավելի ուշ «Այո» շտաբի պետ Սուրեն Պաիկյանը հայտարարեց, որ այդ գումարը որոշել են երեք տեղ բաշխել։