ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզում «Երեխաների քաղաք» կառուցելու` «Հայկական Կարիտաս» ՀԿ–ի ծրագիրը վերափոխված տարբերակով ներկայացվել է կառավարությանը։
Անօթևաններն օթևան կունենան. Արարատի մարզում «Երեխաների քաղաք» է կառուցվելու
Նախորդ տարի այս ծրագիրը մեծ աղմուկ էր բարձրացրել։ 2019 թվականի օգոստոսի 8-ին կառավարությունը որոշել էր հողատարածքներ նվիրել «Կարիտասին», որպեսզի ՀԿ–ն սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաների համար առանձին քաղաք կառուցի։ Մի շարք ՀԿ–ներ ու մասնագետներ իրենց բողոքն էին արտահայտել որոշման մասին, քանի որ քաղաքի ստեղծումը, ըստ նրանց, կմեկուսացնի հաշմանդամություն ունեցող անձանց։ Դեկտեմբերի 26–ին կառավարությունը որոշեց չեղարկել իր որոշումը։
«Նորից կառավարությանն ենք ներկայացրել «Կարիտասի» ծրագիրը, սակայն այն արդեն հիմնովին փոխվել է։ Ըստ նոր ծրագրի` երեխաների համար կացարաններ նախատեսված չեն լինելու, այսինքն` կլինի կրթական հաստատություն, որտեղ երեխան կարող է անցկացնել իր օրը»,–ասաց Սարգսյանը։
«Իմ քայլն» առաջարկում է նպաստ վճարել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին
Մարզպետի խոսքով` օրվա վերջին կրթական հաստատություն այցելած երեխաներին տուն կտանի կենտրոնի տրանսպորտային միջոցը, և երեխան ընտանիքում կգիշերի։
Հիշեցնենք` ծրագրի թիրախը սոցիալական ծանր պայմաններում ապրող, կրթության և ինքնազարգացման սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքներն են:
Ըստ այդմ, ծրագրի անմիջական շահառուներն են շուրջ 600 երեխա։
Մայրերը «մաղարիչ» կանեն, բայց մանկապարտեզները պատրա՞ստ են ընդունել 0-2 տարեկան երեխաներին