Սարսափելի վթարից տուժած երեխաներին Երևան են տեղափոխել, նրանց վիճակը ծանր է

Երևան տեղափոխված երեխաներից մեկը 7 տարեկան է, մյուսը` 5։ Վերջինիս մոտ ներքին արնահոսություն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած երկու երեխաները տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, դիմային ոսկրերի կոտրվածք, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք: Միացված է եղել արհեստական շնչառության սարք, այժմ շնչում է ինքնուրույն: 5 տարեկան տղան էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել սանիտարական ուղղաթիռով: Երեխայի մոտ եղել է ներքին արյունահոսություն, որովայնի խոռոչում 500 մլ արյուն: Ունի նաև աջ թոքի սալջարդ, եղել է շոկային վիճակում, որից դուրս գալուց հետո վիրահատվել է: Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է, գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ: Կտրվի հավելյալ տեղեկություն»,– Facebook–ի իր էջում գրել է Դերձյանը:

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել երեկ։ Այգեձոր գյուղում բախվել էին «Վազ 2107» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։ Մարդատար մեքենայի սրահում եղել է մի ամբողջ ընտանիք՝ 8 հոգի։ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 46–ամյա Հմայակ Ա.–ն, տեղում է մահացել։ Նրանից բացի, վթարի զոհ են դարձել 26–ամյա Անի Ա.-ն, 1–ամյա Անգելինա Ա.-ն և 76–ամյա Ամալյա Գ.-ն։