ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի անդամ ու «Հոֆենհայմ» գերմանական ակումբի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի աջ կոճը կվիրահատեն։
Ակումբի պաշտոնական կայքում գրված է, որ վիրահատությունը կանցկացվի փետրվարի 25–ին Մուրնաուում։ Որոշվել է վիրահատություն անցկացնել, քանի որ ֆուտբոլիստն անընդհատ խնդիրներ ուներ ոտքի հետ։ 26–ամյա ֆուտբոլիստի ապաքինումը ժամանակ կպահանջի։
«Հուսով ենք` շուտ կապաքինվես, Սարգիս»,–նշված է ակումբի հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ ակումբի ղեկավարությունը կհայտնի` երբ Ադամանը շարք կվերադառնա։
Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Ռոգենսբուրգից» Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» տեղափոխվեց 2019–2020 մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Օրեր առաջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության ժամանակ Սարգիս Ադամյանը չորս միավոր զիջեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և լավագույնների ցուցակում 104 միավորով երկրորդն էր: