«Լուր, որին շատերն են սպասում». Դավիթ Սանասարյանը գրառում է արել

Դավիթ Սանասարյանը նորից է կրկնել, որ ինքը երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության հետևանքով կողքից դիպել է մեքենային ու վայր ընկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (նրա լիազորությունները դադարեցված են հարուցված քրեական գործի պատճառով) անմեղությունը, քրեական գործը կարճվել է։

Facebook–ի իր էջում լուրը հայտնել է ինքը` Սանասարյանը։

«Դեռ չեն գրե՞լ, որ նարկոբարոն եմ». Դավիթ Սանասարյանի շուրջ նոր սկանդալ է ծավալվել

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու չէին հավատում, որ ես կարող եմ մեքենայի տակ երեխա գցել ու հրաժարվել փաստից։

Չեմ ուզում կրկնել, թե ինչ կեղծ ու ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպել է մեքենայիս ու վայր ընկել։

Թող բոլոր երեխաներն անփորձանք ու առողջ լինեն»,–գրել է նա։

Հիշեցնենք` 2019–ի հոկտեմբերին մի շարք ԶԼՄ–ներ գրեցին, որ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին։ Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, որն էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Սանասարյանը, տեղեկանալով, որ երեխան տեղափոխվել է բուժկենտրոն, գնացել է և տեղում պայմանավորվել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:

Սանասարյանը հնարավորություն չի տալիս որևէ մեկին ՊՎԾ պետի պաշտոնում նշանակվել. «Ժողովուրդ»

Օրեր անց Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ:

Դավիթ Սանասարյանն անցնում է մեկ այլ քրեական գործով նույնպես. պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, 2019–ի փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Թորոսյանը Սանասարյանին խորհուրդ է տալիս ապագան պլանավորելիս դասեր քաղել կատարվածից

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Սանասարյանն ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Նրա պաշտպանները դիմել էին դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

2020թ.–ի փետրվարի 14–ին դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: