Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Նախօրեին տեղի է ունեցել Հարիրչիի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիայի ասուլիսը, որի ընթացքում Հարիրչին մի քանի անգամ հազացել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:

Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ. նոր տվյալներ

«Առողջապահության նախարարության ղեկավարի տեղակալ դոկտոր Հարիրչիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Վերջին օրերին նա կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում էր», - Twitter-ում գրել է Վահաբզադեն:

Նախօրեին տեղի է ունեցել Հարիրչիի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիայի մամուլի ասուլիսը։ Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, որը հետևել է ասուլիսի հեռարձակմանը, Իրանի առողջապահության նախարարի տեղակալը ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հազացել է:

Նշենք, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77 782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27 554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:

Կորոնավիրուսի բռնկում. ինչ վիճակ է Հայաստանում և ինչ է արվում դրա դեմ պայքարի ուղղությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79 331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով: