Ինչու են Ռոբերտ Քոչարյանի որդիներին կանչել ՀՔԾ

ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին ասել է, որ ինքն ու եղբայրը 20 րոպե են մնացել Հատուկ քննչական ծառայությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները` Լևոն ու Սեդրակ Քոչարյանները, հրավիրվել են ՀՔԾ հարցաքննության, սակայն նրանք հրաժարվել են ցուցմունք տալ։ Լևոն Քոչարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ իրենց ՀՔԾ էին կանչել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով։

Քոչարյան. ««Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի»

«Մեզ որպես վկա էին կանչել այն ենթադրյալ աջակցի գործով։ Մենք` ես ու եղբայրս, ցուցմունք չենք տվել, որովհետև բազմիցս հայտնել ենք այդ կառույցի հանդեպ մեր վերաբերմունքը. պետից սկսած` մի քանի անգամ անմեղության կանխավարկած են խախտել»,– ասաց նա։

Լևոն Քոչարյանը նշեց, որ ՀՔԾ–ում առավելագույնը 20 րոպե են մնացել։

«Որովհետև ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում ինչ–որ ձևակերպումներ պիտի անես»,– ավելացրեց նա։

Հիշեցնենք` Արմեն Թավադյանը մեղադրվում է մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձի համար: Նա ձերբակալվել է 2019 թվականի դեկտեմբերին, այնուհետև կալանավորվել։ Ըստ ՀՔԾ-ի` Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: