ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի մի քանի բնակավայրերում` Տերտերում, Խաչմազում և Բարդայում, այսօր՝ փետրվարի 25-ին, ուժեղ քամիներ են գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram ալիքը` այս բնակավայրերի թվում նշելով նաև Աղդամը, որն այժմ գտնվում է Արցախի տարածքում և կոչվում է Ակնա։ Քամիների հետևանքով մեկ դպրոցի ու մի քանի բնակելի տների տանիքներ են պոկվել, մի քանի ծառեր արմատախիլ են եղել։
Թեև այս բնակավայրերից մի քանիսը մոտ են Արցախի սահմանին, այդուհանդերձ եղանակը Մարտակերտում և Ասկերանում կայուն է։ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների ծառայությունից Sputnik Արմենիային փոխանցեցին, որ Արցախի արևելյան հատվածներում անձրև է գալիս, ամպամածություն կա, բայց ուժեղ քամիներ չկան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում արցախցիներից մեկը կատակեց. «Բա մեր էս սարերը քամի բաց կթողնե՞ն, էն էլ Ադրբեջանից»։
Օդի ջերմաստիճանն այսօր Արցախում բավականին բարձր է, հովտային շրջաններում` մինչև +10 աստիճան, իսկ նախալեռնային շրջաններում՝ մինչև +6: