ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Չինաստանում բռնկած և մի շարք այլ երկրներում տարածված կորոնավիրուսը պանդեմիայի (համավարակ) վերածվելու հեռանկար ունի, սակայն այժմ այն ուղղակի համաճարակ է:
Տեղեկությունը Tvitter-ի պաշտոնական էջում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
««Պանդեմիա» սահմանումն օգտագործելը ճիշտ չէ, քանի որ խոսքը աշխարհի տարբեր մասերում տարածվող համաճարակի մասին է, սակայն այդ համաճարակը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը բոլոր երկրներին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել կանխարգելիչ միջոցառումների վրա: Նա նշել է, որ պետք է պատրաստվել պանդեմիային:
Նշենք, որ COVID-2019 կորոնավիրուսն արդեն տարածվում է ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվել է առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս: Վարակման դեպքեր են գրանցվել նաև Հայաստանի հարևան Իրանում։ Վերջին տվյալներով ՝ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 47-ի, իսկ զոհերի թիվը` 12-ի: Իտալիայում վարակի բռնկման 150 դեպք է գրանցվել, 5–ը մարդ մահացել են։
Հայաստանյան ԲԿ–ները պատրա՞ստ են կորոնավիրուսի բռնկմանը. ԱՀԿ փորձագետը ՀՀ–ում էր
Չինաստանում փետրվարի 24-ի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի, վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 150 վարակակիր:
Ամբողջ երկրում գրանցվել է վարակի 77,1 հազար դեպք, իսկ 24,7 հազար վարակակիրներ ապաքինվել են։
Հայաստանն այսօրվանից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանն ու սահմանափակել օդային հաղորդակցությունը։