ԱԺ պատգամավոր Տաթև Հայրապետյանը հավաստիացնում է հանրաքվեի անցկացման քարոզարշավի ակտիվ փուլը կսկսեն մեկ շաբաթից, իսկ այժմ ավելի շատ ուշադրությունն են դարձնում հեռարձակումներին, իրենց ելույթներին, որոնց միջոցով ցանկանում են հանրությանը հասցնել «Այո»-ի քարոզչության հիմնական ուղերձները։ «Այո»-ի քարոզչական խմբի ներկայացուցիչը խոստանում է ակտիվ քարոզչություն են իրականացնելու, այցելելու են ոչ միայն Երևանի տարբեր համայնքներ, այլև մարզեր։
«Դատելով առաջին արձագանքներից` կարելի է ասել, որ մարդիկ հստակ հասկանում են, թե ինչին է վերաբերում «Այո»–ն, որովհետև սա ոչ թե «Այո» է իշխանությանը, այլ իշխանության կողմից ՍԴ –ճգնաժամի լուծմանն ուղղված առաջարկ է»,– ասաց նա։
«Այո»-ի հիմնական ուղերձն, ըստ Հայրապետյանի, այն է, որ դատական համակարգն ու ՍԴ–ն կարիք ունեն խորքային բարեփոխումների, որովհետև գործադիր և օրենսդիր մարմինները լեգիտիմ են, վայելում են քաղաքացիների վստահությունը, և այժմ դատական իշխանությունը փոխելու ժամանակն է, ինչն էլ քաղաքացին անելու է իր քվեով։
«Ունենալով իսկապես անկախ ՍԴ, մենք ապագայում կբացառենք ընտրությունների որևէ կեղծում։ ՍԴ–ն այլևս չի վավերացնի որևէ իշխանության կեղծած ընտրություն։ Ի վերջո, սրանով մենք շատ կարևոր քայլ ենք կատարում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ»,– նշեց պատգամավորը։
«Ամեն ինչ արվում է, որ ունենանք իդեալականին մոտ ընտրացուցակներ». Մնացական Բիչախչյան
Նրա դիտարկմամբ` «Ոչ»–ի կողմում հանդես եկող իրավաբանները, որոնք փորձում են գործընթացը ներկայացնել որպես հակասահմանադրական, դրա հետ կապված որևէ փաստարկ չեն կարողանում բերել։ Ըստ պատգամավորի` լավ է, որ նրանք դիրքավորվել են այդ ճամբարում և ցանկանում են իրենց խոսքը հասցնել հանրությանը, սակայն երկու ճամբարների ուղերձների, հետապնդած նպատակների ու առաջարկների միջև Հայրապետյանը հսկայական տարբերություններ է տեսնում, և հենց այդ հակասությունների միջոցով, ըստ նրա, ՀՀ քաղաքացին կտեսնի, թե ինչ նպատակով են «Այո»–ի կողմնակիցները արել հանրաքվեի առաջարկը։
Հիշեցնենք` Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։
Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։
Ի՞նչ կարելի էր անել հանրաքվեին հատկացված 7 մլն դոլարով
Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացնի 3 մլրդ 447 մլն դրամ։