Արցախի պաշպանության բանակը նոր հրամանատար ունի

Բակո Սահակյանը միանգամից երկու հրամանագիր է ստորագրել։ Փաստաթղթերից մեկով նա Կարեն Աբրահամյանին ազատել է պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Փաշինյանն ասել է` որ հարցերում են Հայաստանի ու Արցախի պատկերացումները նույնական

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Հարությունյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ էր նշանակվել 2018թ.–ի դեկտեմբերին։

Ջալալ Հարությունյանի հետ կապված մի ուշագրավ պատմություն կա. 2015-ի դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե իրենց դիվերսիայի ժամանակ Ջալալ Հարությունյանը զոհվել է։ Բայց նույն օրը ինքը՝ գնդապետ Հարությունյանը, տեսանյութի միջոցով հերքել էր այդ լուրը:

Հիշեցնենք` վերջերս կադրային փոփոխություններ էին տեղի ունեցել նաև Հայաստանում։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19-ին ստորագրել էր Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։