Թատրոն, կինո, համերգ. Երևանի քաղաքապետարանը մարտի 8-ին հաճելի անակնկալ է պատրաստել

Քաղաքապետարանը հրավիրում է երևանցիներին ընտրելու, թե մարտի 8-ին որտեղ անցկացնեն տոնական երեկոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը կանանց միամսյակի մեկնարկի առթիվ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կանանց տոները երևանցիներին հետաքրքիր մշակութային միջոցառումներ հրամցնելու ևս մեկ առիթ են։

Մինչև մարտի 8-ը կկարողանա՞նք կարճաթև հագնել. Սուրենյանը երկուշաբթին բարի լուրով է սկսել

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր երևանցիներին հրամցնենք հետաքրքիր մշակութային միջոցառումներ, ամենակարևորը՝ բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Եվ մենք դրա համար ստեղծում ենք առիթներ: Արդեն փետրվարի 27-ից սկսած՝ երևանյան բոլոր թատրոնների տոմսարկղներում կլինեն հրավիրատոմսերը, և մեր երևանցիներն իրենց ճաշակին հարմար ներկայացում, համերգ և կինո կընտրեն ու կգնան դիտելու»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Հրավիրատոմսերը կբաժանվեն անվճար։ Քաղաքապետարանի կայքում շուտով կտեղադրվեն նաև բոլոր միջոցառումների անվանումները, վերնագրերը, և երևանցիները հնարավորություն կունենան 15-ից ավելի ներկայացում, համերգ և կինո ընտրելու ու մասնակցելու միջոցառմանը։

Փոխքաղաքապետի խոսքով` նախաձեռնությունն ինքնատիպ է, խաղացանկը՝ հագեցած, միջոցառումները՝ բազմաժանր: Կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ այդ օրը դահլիճներում ազատ տեղ չլինի:

Երևանի մանկապարտեզներում երեխաների բացակայությունը կհամարվի հարգելի

«Մենք ընտրել ենք մայրաքաղաքի թատրոնների խաղացանկի լավագույն ներկայացումները. օրինակ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Դիմակահանդեսը»՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ գործը, Պարոնյան թատրոնը կներկայացնի շատ հետաքրքիր ներկայացում՝ «Սիրելիներից մի բաժանվեք», Սունդուկյան թատրոնը՝ «Հարսնացու հյուսիսից», այլ թատրոններ ևս իրենց խաղացանկի լավագույն ներկայացումներն ի ցույց կդնեն այդ օրը, և ես վստահ եմ, որ մենք կունենանք լեփ-լեցուն դահլիճներ»,- ընդգծել է փոխքաղաքապետը:

Պարգևավճար ստացել են, բայց ոչ մարտի 8-ին. Առողջապահության նախարարության պարզաբանումը

Համերգային ծրագրերը նախընտրողների համար մարտի 8-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա խմբերգային տարբեր ստեղծագործություններով: Հայաստանի երգի պետական թատրոնը տոնական օրվա երեկոն վստահել է ձևավորվող նոր նվագախմբին: Երեկոյի ընթացքում կհնչեն Էլվինա Մակարյանի երգերը: Ֆիլմերի սիրահարները «Մոսկվա» կինոթատրոնում հնարավորություն կունենան դիտելու «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը:

Մարտիության միջոցառումների մեծ մասը կմեկնարկի նույն ժամին՝ 19:00-ին: