«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է». «Ռոմայի» մարզիչը խոսել է նրա` թիմում մնալ–չմնալու մասին

«Ռոման» սեփական հարկի տակ ջախջախեց «Լեչեին»: Ջալոռոսիների կազմում հիանալի խաղաց Հենրիխ Մխիթարյանը, որի գործողություններն աննկատ չթողեցին մարզիչն ու մասնագետները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի «Ռոմա»-«Լեչե» հանդիպումից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան, անդրադառնալով հայ ֆուտբոլիստի խաղին, ասել է, որ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է։ «Ուղղակի նրա բախտն այս մրցաշրջանում չի բերել: Վնասվածքների պատճառով նա շատ ժամանակ կորցրեց, բայց արդեն մի քանի հիանալի խաղ է անցկացրել:

Մխիթարյանը «Լեչեի» հետ խաղից հետո գրառում է արել

Միշտ վճռական է տրամադրվում խաղերին։ Մխիթարյանն ինձ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է: Չեմ կարող ասել` կշարունակենք իրար հետ աշխատել, թե ոչ, բայց այն, որ Հենրիխը վերադառնում է իր լավ մարզավիճակին, փաստ է»,– իտալական corrieredellosport-ի տեղեկացմամբ՝ ասել է մարզիչը:

Նշենք, որ փետրվարի 23–ին կայացած հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Մասնավորապես առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստի արդյունավետ գործողությունները խաղից հետո բուռն քննարկման առարկա դարձան: «Ռոման» սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Լեչեի» դարպասը:  

Հայաստանի հավաքականի ավագին «Ռոմայի» լիարժեք անդամ տեսնելը ոչ վաղ անցյալում մտնում էր իտալական ակումբի նպատակների մեջ: Բայց լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, ըստ որոնց՝ Լոնդոնի «Արսենալը», որին պատկանում են հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, մեծ գումար է պահանջում Հենրիխի տեղափոխության համար, իսկ «Ռոման» պատրաստ չէ մոտ 23 մլն եվրո տրամադրել այդ տրանսֆերին: Բացի այդ հայտարարվեց, որ «Ռոմայի» համար կարևոր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Քրիս Սմոլինգի տրանսֆերը:

Արդյոք գումա՞րն է խնդիրը, որ իտալական թիմը չի ցանկանում ձեռք բերել Մխիթարյանին: Թե՞ կան նաև այլ պատճառներ:  Նկատի ունենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով բավականին երկար ժամանակ բացակայում էր: Ա սերիայում «Ռոմայի» 25 խաղերից Հենրիխը մասնակցել է 12-ին, ճիշտ է, այդ  խաղերում մեր ֆուտբոլիստը դարձել է հինգ գոլի և գոլային երկու փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը կվերադառնա՞ «Արսենալ». «Ռոման» չի պատրաստվում 23 մլն եվրո վճարել նրա համար

«Լեչեի» հետ խաղում Հենրիխն իր թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, եթե ոչ լավագույնը: Մեծ ծավալի աշխատանք կատարեց, բազմաթիվ սրող փոխանցումներ, առանց գնդակի տեղաշարժ, գնդակ խլելու պայքար և վերջապես պաշտպանություն: Սա մեկ խոսքով կոչվում է ունիվերսալիզմ, ինչը բնորոշ է միայն բարձրակարգ ֆուտբոլիստներին: «Ռոմայի» առաջին գոլի «հեղինակային իրավունքները» միանշանակ պատկանում են հայ ֆուտբոլիստին: Հենրիխը խլեց գնդակը Յակոպո Պետրիչոնեյից ու արագ կողմնորոշվեց, որ այն հարկավոր է փոխանցել ոչ թե Էդին Ջեկոյին, որը խաղից դուրս վիճակում էր, այլ Չենգիզ Յունդերին, որն էլ բացեց խաղի հաշիվը:

Տոնական ու մարզական. լավագույնների պարգևատրումը` լուսանկարներով

Երկրորդ գոլի ժամանակ էլ Մխիթարյանը ցույց տվեց, թե ինչպես կարող է «բացվել», ժամանակին ստանալ փոխանցումն ու դիպուկ հարվածել: Առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստանալով` «գայլերը» զգացին հաղթանակի համն ու հասան իրենց նպատակին:

Այսինքն` եթե Հենրիխը շարունակի այսպես խաղալ ու նպաստել «Ռոմայի» արդյունքներին, իտալական թիմը կարող է և վերացնել իր կասկածները հայ ֆուտբոլիստին թիմում պահելու կամ չպահելու հարցում: Իհարկե, կարևոր դերակատարում կարող է ունենալ նաև «Ռոմայի» Ա սերիայի լավագույն քառյակում տեղ գտնելը, ինչը «ջալոռոսիներին» տեղ կապահովի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում:

Այս պահին Մխիթարյանն էլ դեռևս հաստատ չգիտի` մնալու է «Ռոմայում», թե վերադառնալու է «Արսենալ»: Համենայնդեպս, «Արսենալում» հիմա նոր մարզիչ է աշխատում՝ Միկել Արտետան, իսկ դա նշանակում է, որ հարցական է նաև այն, թե արդյոք Արտետան կուզի իր թիմում տեսնել Մխիթարյանին։ «Առջևում դեռևս երեք ամիս կա, իսկ հետո կհասկանանք, թե որտեղ կխաղամ՝ «Ռոմայում», թե  «Արսենալում»»- գրել է Մխիթարյանն իր թվիթերյան էջում:

Հենոն բոլորից առաջ է անցել. Ֆոնսեկան որոշիչ խաղում հույսը դրել է նրա վրա

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: Այս հանգամանքը նույնպես կարող է որոշիչ դեր ունենալ հայ ֆուտբոլիստի՝ այլ ակումբ տեղափոխվելու գործում: Ինչքան պայմանագիրը մոտենում է ավարտին, այդքան ավելի հեշտ կարելի է ընդհանուր հայտարարի գալ այն ակումբի հետ, որին պատկանում են տրանսֆերային իրավունքները: Հակառակ դեպքում ֆուտբոլիստն այլ ակումբի կարող է տեղափոխվել ազատ գործակալ դառնալով, այսինքն` առանց ֆինանսական հատուցման: